Դերենիկ Դումանյանը վերահսկում է Անդրիաս Ղուկասյանի առողջությունը

ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել էր, որ երեկ թեկնածուին Առողջապահության նախարարությունից են զանգահարել ու հետաքրքրվել նրա առողջությամբ: Արմեն Գրիգորյանը նախարարության հետաքրքրվածությունը հիմնավորել էր թեկնածուի անալիզներ հանձնելու հանգամանքով:

168.am-ը ՀՀ Աողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է զանգահարել Անդրիաս Ղուկասյանին և ի՞նչ նպատակով:  «Ես զանգահարել եմ Արմեն Գրիգորյանին՝ իմանալու համար, թե արդյոք Ղուկասյանը բուժող մշտական բժիշկ ունի՞, թե՞ ոչ: Եվ ինձ ասացին, որ՝ այո, բժիշկ ունի, ով Կարմիր խաչից է»,-պատասխանեց խոսնակը:

Մեր հարցին, թե արդյոք մամուլի քարտուղարը թեկնածուի առողջությամբ հետաքրքրվել է Առողջապահության նախարարության նախարար Դերենիկ Դումանյանի՞ հրահանգով, Անահիտ Հայթյանը պատասխանեց. «Նախաձեռնությունն իմն է եղել, որպես Առողջապահության նախարարության ներկայացուցիչ՝ պարզապես ցանկացա տեղեկանալ առողջության մասին: Արմեն Գրիգորյանն ինձ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը լավ է»:

Հարցին, թե՝ ինչո՞ւ եք հենց հացադուլի 16-րդ օրը զանգահարել նախագահի թեկնածուին, մինչ այդ չէի՞ք մտածում նրա առողջության մասին, նախարարության մամուլի քարտուղարը պատասխանեց. «Մենք պարտավոր չենք. ամեն մեկն՝ իր համար… Բայց նշեմ, որ հացադուլի առաջին իսկ օրվանից օրը երկու անգամ շտապ օգնության բրիգադն այցելում է թեկնածուին, հետաքրքրվում նրա առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման չափում և այլ քննություններ: Այս բոլորը ֆիքսվում է և յուրաքանչյուր երեկո տվյալները հաղորդվում են և՛ պարոն Դումանյանին, և՛ Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետին»:

Տեսանյութեր

Լրահոս