«Հայրիկյանի դեմ հարձակումը գավառական, անշնորհք ներկայացում էր»

«Կարծում եմ՝ լուրջ հիմքեր չկան Հայրիկյանի կողմից առաջ բերված վարկածն իրատեսական համարելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ իր դեմ կատարված հրազենային հարձակման մասին առաջ քաշված վարկածին, թե իր վրա կրակել են Ռուսական գաղտնի ծառայությունները:

«Այն ժամանակներն անցել են: Հայրիկյանը, կարծում եմ, Ռուսաստանի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում: Հայ-ռուսական հարաբերությունները շատ բարդ զարգացումներ են ունեցել՝ ի վնաս Հայաստանի, որոնց մասին, սակայն, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի ռեալ վտանգների մասին, Հայրիկյանը ոչ մի խոսք մինչ օրս չի ասել: Ասել, թե Հայրիկյանը նշանակություն է ունեցել ՌԴ-ի համար, նույնիսկ այն պայմաններում, երբ Ռուսաստանն ամբողջովին Հայաստանը ներքուստ զավթել է՝ սխալ կլինի: Նա այն մարդը չէ, ով կարող է վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար»,- նշեց Երջանիկ Աբգարյանը:

ՀՀՇ անդամն ընդգծեց, որ իր համար հրազենային այդ հարձակման հետ կապված այնքան տարօրինակություններ կան, որ ինքը հակված է մտածել, թե «միջադեպը ոչ արհեստավարժ, գավառական անշնորհք ներկայացում էր»: «Ինձ համար անհասկանալի բազմաթիվ հարցեր կան, որոնք այնքան շատ են, որ թվարկել չեմ ցանկանա»,- մասնավորեցրեց նա:

Հարցին, թե ո՞ւմ կողմից էր կազմակերպված այս ներկայացումը, Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ և՛ Պարույր Հայրիկյանի, և՛ գործող իշխանությունների: Սա նրանց համատեղ ներկայացումն էր»:

Կարդացեք նաև

Երջանիկ Աբգարյանը վստահ է, որ իշխանությունները կգտնեն «մի Բոզոյան (խոսքը Փուչիկների գործով մեղադրյալ Սերոբ Բոզոյանի մասին է, ում վրա բարդվեց ողջ մեղավորությունը.- Տ.Մ.), որի միջոցով էլ կլուծեն այս հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս