Իրանի նախագահի հնարավոր թեկնածուն խոստացել է երկրի կազմ վերադարձնել Հայաստանն ու Ադրբեջանը
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական http://cheshmandaz.org կայքը, հայտնում է, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչներից, այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին այսօր հայտարարել է, որ Իրանի նախագահ ընտրվելու դեպքում Իրանին կվերադարձնի «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը:
Նա ընդգծել է, որ մտադիր է մասնակցել այս տարվա հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին. «Իրանից անջատված տարածքների վերադարձնելը հանդիսանում է իմ նախընտրական ծրագրի գլխավոր հարթակներից մեկը:
Ես կվերադարձնեմ այդ հողերը, ընդ որում՝ առանց որևէ կաթիլ արյուն թափելու: Ինչ վերաբերում է քաղական աշխարհում իմ անհայտությանը, ապա դա յուրօրինակ մարտավարություն է՝ պոտենցիալ թշնամիներին մոլորության մեջ գցելու համար:
Աշխարհում ոչ ոք չէր ճանաչում Իրանի հոգևոր առաջնորդներից մեկին, քանի դեռ Իրանում չիրականացվեց Իսլամական հեղափոխություն: Իմ անհայտությունն իմ հակառակորդներին հնարավորություն չի տա գործել իմ դեմ: Իմ նախագահ ընտրվելուց արդեն մի քանի ամիս հետո կվերացվեն Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները»:
Regnum-ը նշում է, որ միակ բանը, որը հայտնի է այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազիի մասին, այն է, որ նա հանդիսանում է Իրանում «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար: