Բաժիններ՝

Սոչիում Դեդ Հասանի «ժառանգության» համար մաֆիոզ կլանների միջև սպասվում է նախաօլիմպիական պատերազմ

Newsru.com-ի փոխանցմամբ՝ «ռուսական մաֆիայի թագավոր» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) նկատմամբ մահափորձից ու սպանությունից հետո մռայլ կանխատեսումներ են արվում քրեական աշխարհի շուրջ: Ազդեցության գոտիների արյունալի վերաբաժանումն ակնկալվում է անգամ Սոչիում, ուր 2014 թվականին պետք է անցկացվեն Ձմեռային օլիմպիական խաղեր:

Այս քաղաքում Հասանի դիրքերը հատկապես ամուր են, նրան անգամ անվանում էին «երկրորդ նահանգապետ»: Դեդ Հասանի «ժառանգությանը» հավակնող մաֆիոզ տարբեր կլանների միջև սկսված պատերազմին անդրադարձել է նաև արևմտյան մամուլը: Օտարազգիներին հատկապես մտահոգում է Սոչիի ճակատագիրը, ուր շուտով սկսվելու է համայն աշխարհից մարզիկների ու զբոսաշրջիկների վիթխարի ներհոսք:

Այս կապակցությամբ բրիտանական The Guardian թերթը գրել է. «Մրցակցող կլանները ձգտում են տիրանալ այդ մարդու վիթխարի կայսրությանը, ով առավել հայտնի է որպես Դեդ Հասան: Կլանները պայքարում են անգամ Սոչիի անշարժ գույքի՝ օբյեկտների նկատմամբ, ուր տեղի են ունենալու օլիմպիական խաղեր:

Ուսոյանը Սոչիում նահանգապետի պես էր, սակայն ներկայացնում էր քրեական աշխարհը: Դա նման է երկրորդ կառավարությանը: Ուսոյանը «նայում» էր ափամերձ տարածքը, բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ»:

Новая Газета-ն իր հերթին գրում է, որ որտեղ կա փող, այնտեղ կա նաև կազմակերպված հանցագործություն. «Սոչին Դեդ Հասանի հայրենակալվածքն էր: Նա այդ քաղաքը համարում էր իր երկրորդ հայրենիքը: Այժմ Սոչիում բոլորը սպասում են, թե ինչ կլինի հետագայում, սակայն անկասկած է, որ ինչ-որ բան տեղի է ունենալու: Չափազանց մեծ է գումարի չափը, որպեսզի բոլորը հանգիստ նստեն»:

Նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Սոչիի Օլիմպիական խաղերի վրա ծախսել գրեթե 50 միլիարդ դոլար: Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ մտադիր է 2014 թվականին G-8-ի գագաթնաժողովն անցկացնել հենց Սոչիում:

Ռուսական իշխանությունները թերահավատներին հանգստացնելու համար փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ Սոչիում որևէ մաֆիա չկա, և որ այժմ վերջ է տրված 1990-ականների բանդիտիզիմին:

Հատկանշական է, որ ընդամենը 3 տարի առաջ Սոչիում սպանվեց 31-ամյա «օրենքով գող» Էդուարդ Կակոսյանը՝ «Կարաս» մականվամբ: Նա մտնում էր Դեդ Հասանի կլանի մեջ և հայտնի էր որպես Սոչիի ռեստորանների «նայող»:

Այժմ Դեդ Հասանի համակիրները համախմբվել են և իսկական որս են հայտարարել իրենց թշնամի Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) կլանի «օրենքով գողերի» նկատմամբ: Այս տարվա հունվարի 21-ի գիշերը Սուխումում սպանվեց 31-ամյա «օրենքով գող» Աստամուր Գուլիան (Աստիկ Սուխումսկի), իսկ հունվարի 28-ին Մոսկվայում՝ ուղիղ փողոցում, սպանվեց «օրենքով գող» Ռուֆաթ Նասբիովը (Ռուֆո Գյանջանսկի), ով Ջանիևի կլանի ուժային օպերացիաների ենթադրյալ պատասխանատուն էր:

Նյու Յորքի համալսարանի դասախոս, «ռուսական մաֆիայի» գծով փորձագետ Մարկ Գալեոտին ներկայումս ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարել է հետևյալը. «Մարդկանց մեծ մասը չի ցանկանում պատերազմ: Սա նման է Առաջին համաշխարհային պատերազմին նախապատրաստվելուն. ոչ ոք չի ցանկանում և չի ակնկալում պատերազմ, սակայն բոլորն այն աստիճան են սպառազինվում, որ այդպիսի իրավիճակում մեկ կրակոցն առաջացնում է շղթայական ռեակցիա»:

Հիշեցնենք, որ 1914 թվականի ամռանն Առաջին համաշխարհային պատերազմի սկսման համար առիթ ծառայեց այն, որ 1914 թվականի հունիսի 28-ին սերբ 19-ամյա ուսանող Գավրիլո Պրինցիպը Բոսնիայի ներկայիս մայրաքաղաք Սարաևոյում սպանեց Ֆրանց Ֆերդինանդին, ով 1896 թվականից հանդիսանում էր Ավստրո-հունգարական կայսրության գահաժառանգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս