«Պարույրի առեղծը»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կատարվող իրադարձություններն ու երևույթները մշտապես բոլորովին այլ տեսանկյունից է գնահատում։ Չնայած ԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված հրազենային հարձակման և նախագահի որոշ թեկնածուների այն հայտարարություններին, որ տեղի ունեցածի պատճառով պետք է հետաձգվեն ՀՀ նախագահի ընտրությունները, Ա. Բլեյանն այն համոզմանն է, որ նմանօրինակ ակտիվ, ինտենսիվ, բուռն քարոզարշավ ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլև նախագահի որևէ թեկնածու մինչ օրս չի վարել։ Ըստ Ա. Բլեյանի՝ քարոզարշավը որևէ ձևով չի ընդհատվել, և հիմքեր չկան ընտրությունները հետաձգելու համար։

 – Պարոն Բլեյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված դեպքից հետո ստեղծված իրավիճակը։

– Քանի որ ինձ թվում էր, որ մենք պետք է խոսեինք այդ թեմայից, ես վերցրել եմ դրան վերաբերող վիճակագրություն։ Ցուցանիշներ, որոնք այսօր բնութագրում են, թե ի՞նչ է կատարվում Հայաստան «կազմակերպության» հետ, նրա օրգանիզմում։ Առաջինն՝ ինքնասպանության փորձերն են և ինքնասպանությունները։ Վերջին 4 տարվա ընթացքում այս թվերն աճում են։ Ինքնասպանության փորձերը, որոնք ինքնասպանության ելք չեն ունենում, նկատելիորեն աճում են։ Ինձ համար անհանգստացնող է, որ 2013թ. հունվարին մեր բանակում սպանված ոչ թշնամի, ոչ հակառակորդի, ոչ արտաքին կրակոցի հետևանքով սպանվածների թիվը հինգի է հասել։ Ինձ համար ընդհանրապես անհանգստացնող է 15-20 տարեկան տղաների վերաբերմունքը բանակի նկատմամբ, որը նաև արտագաղթը խթանող գործոն է։ Ինձ անհանգստացնում է ծնունդների տարեցտարի նվազումը Հայաստանում։ Ինձ հանգիստ չի տալիս, որ ես դարձել եմ գաղթող հասարակության կրթության գործի կազմակերպիչը։ Այսինքն՝ ոչ թե ստանում եմ իրավական, սոցիալական, ինքնիշխան, ժողովրդավար հայաստանցու, այլ՝ ճամպրուկը հավաքած մարդու պատվերը։ Սրանք պետք է լինեին ընտրությունների գլխավոր թեման. ինչպե՞ս կանգնեցնել արտագաղթը, ինչպե՞ս բանակը դարձնել հասարակությանը, ինչպե՞ս անել, որ մարդը չդիմի ինքնասպանության։ Իսկ այս գլոբալ խնդիրները միայն իշխանությանը չեն՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը որքան մեղք ունի դրանում։ Սրանք հասարակական ամենալուրջ խնդիրներն են։ Եվ այս խնդիրների համար մենք ժամանակ չենք գտնում անգամ նախընտրական շրջանում, իսկ Պարույրն իր պարտադրած, նետած առեղծով գրավում է մամուլ ու եթեր՝ փոխարինելով դրանով ամբողջ քարոզարշավը։ Սա, ամենաքիչն, անլուրջ է։

– Պարույրի առե՞ղծը, այլ ոչ թե նրա դեմ մահափո՞րձը։

– Անընդհատ հղումներ են արվում Պարույր Հայրիկյանին։ Եվ ստեղծվում է անհեթեթ վիճակ, որ ընտրական գործընթացը կարելի է այդպես էլ չհասցնել ավարտին։ Հայտնի խոսքը՝ «Ես վկա եմ, իսկ ի՞նչ է կատարվել»… Ասում են՝ կատարվել է սպանության փորձ պետական, հասարակական, քաղաքական գործչի դեմ՝ նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով, մյուս կողմից՝ նրա գործունեությունը ոչ միայն չի դադարեցվել, այլ՝ ընդհակառակը. մարդը վարում է լիարժեք քարոզարշավ՝ հեռուստացույցով, թերթերով և այլն, այսինքն՝ քարոզարշավն ընթանում է։ Այդ դեպքում ի՞նչն է անհանգստացնում լրագրողներին, ՀՀ նախագահի թեկնածուներին ու նրանց շրջապատին։ Ես թվարկեցի հասարակական լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են մարդուն, ինձ, ձեզ։ Սրանից առանձնացնում եք մի դեպք, որն ուզում եք անվանել սպանությա՞ն փորձ, թե՞ ինքնասպանության փորձ։ Ես այլ կերպ անվանեցի այն՝ Պարույրի առեղծ։ Եթե մարդն ունենար մեզանում բարձր արժեք, և կատարվող ամեն մի սպանության, ինքնասպանության դեպքի և փորձի թեման բերվեր մամուլ, ամբողջությամբ վերլուծվեր, կհասկանայի, բայց ես հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է մի դեպք առանձնացվի ու մեկեն որակվի՝ որպես պետականության դեմ ուղղված հանցագործություն։

– Իսկ Դուք ինչպե՞ս կորակեք։

– Պարույրը կենդանի է, չէ՞։ Ոչ միայն, այլև նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Այն պայմաններում, որում արվել է այդ, այդպիսի բան չէր կարող լիներ. Պարույրը կենդանի մնալ չէր կարող։

– Պարոն Բլեյան, Պ. Հայրիկյանը նշում է, որ իր դեմ կատարված մահափորձի համար կասկածում է արտաքին ուժերին, մասնավորապես՝ նախկին Ռուսաստանի ուժերին։

– Եվ դուք կարող եք դատողությունների շարք անել՝ կրկին հղում անելով Պարույր Հայրիկյանին։

– Իսկ ո՞ւմ պետք է հղում անել, պարոն Բլեյան։

– Ես հակված եմ նայել գործողությունների. կարևոր չէ՝ արտաքի՞ն, թե՞ ներքին ուժերի թելադրմամբ կատարված, բայց՝ գործողություններին։ Կան ոչ պրոֆեսիոնալ, ոչ պատրաստված սպանություններ, որոնք պատահում են կյանքում, և կան պրոֆեսիոնալի, հատուկ կազմակերպված կառույցի կողմից սպանություններ։ Այն, ինչ որ նկարագրված է, ինչ տեղի է ունեցել, ոչ պրոֆեսիոնալ, սիրողական գործունեություն է։ Այդպես չի լինում։ Չի կարող դա անել մեկը, ում հանձնարարված է սպանել՝ կարևոր չէ՝ դրսի՞, թե՞ ներսի ուժի կողմից։ Ահա, թե ինչո՞ւ եմ ես ասում՝ սա սպանություն չէ։ Այսպիսի ակտիվ, ինտենսիվ, բուռն քարոզարշավ ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլև նախագահի որևէ թեկնածու չի վարել։ Պարույր Հայրիկյանը լիուլի օգտագործել է անվճար եթերի, հասարակական համախմբված ուշադրության հնարավորությունները. սա Պարույրը փայլուն է անում։ Այս առումով՝ բոլորն էլ օգտվել են, երևացել են, հաճախել են, Պարույրի ֆոնին նկարվել են, հարցազրույցներ են տվել, դատողություններ են արել, այսինքն՝ քարոզարշավը որևէ ձևով չի ընդհատվել, այսինքն՝ հիմքեր՝ որպես այդպիսին, ընտրությունները հետաձգելու՝ ես չես տեսնում։ Ինչ վերաբերում է հարցին, հասարակական, քաղաքական, պետական գործչին նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով (այն հոդվածը, որով որակվել է կատարվածը)՝ նման բան չեմ տեսնում։ Սա սպանության փորձ չէ, քանի որ հանցափորձը նշանակում է, որ դա սպանողից անկախ պատճառներով ավարտին չի հասցվել։ Սա նշանակում է, որ չկա նաև պատվիրատու՝ ոչ դրսում, ոչ ներսում։ Ամեն դեպքում, ես ասում եմ, որ չկա պետական, հասարակական, քաղաքական գործչի սպանության փորձ նրա գործունեությունը դադարեցնելու ուղղակի դիտավորությամբ։ Ահա թե ինչո՞ւ, վստահ եմ, որ այս քարոզարշավն ու ՀՀ նախագահի ընտրություններն իրենց սահմանված ժամկետում կկատարվեն։ Անկախ նրանից, Պարույրը կդիմի՞ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Այսինքն՝ որևէ փոփոխություն չի կարող լինել, այլ բան է, թե ո՞ւմ շահերից է բխում այս քվեարկության կանխատեսելի արդյունքը։ Իսկ այն, թե ո՞վ չի ուզում ունենալ ՀՀ ընտրված նախագահ այս քվեարկության արդյունքներով, այլ հարց է։ Այսինքն՝ այս ընտրությունների ամբողջ իմաստը ո՞րն է. որ քվեարկությամբ ունենանք ՀՀ նախագահ, որովհետև Հայաստան պետությունը չի կարող չունենալ նախագահ։

Հարցազրույցը՝ ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Հ.Գ. – Հարցազրույցն արվել է փետրվարի 4-ին, երբ Պարույր Հայրիկյանը դեռ չէր հայտարարել, որ չի դիմելու ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով։

Տեսանյութեր

Լրահոս