Նախընտրական քարոզչության համար առավել շատ ծախսել է ՀՀ գործող նախագահը
Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից հունվարի 31-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չի բացել միայն Արման Մելիքյանը:
Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հիմնադրամում հունվարի 31-ի դրությամբ ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն՝ հունվարի 31-ի դրությամբ ՀՀ նախագահի մնացած 6 թեկնածուներից առավել շատ մուտքեր և ելքեր արձանագրվել են ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամում: Մուտքերը կազմել են 90 մլն 499 հազար 600 դրամ, ելքերը` 49 մլն 403 հազար 970 դրամ, մնացորդը` 41 մլն 95 հազար 630 դրամ:
Առավել փոքր մուտքեր և ելքեր եղել են էպոսագետ Վարդան Սեդրակյանի հիմնադրամում` համապատասխանաբար 500 հազար դրամ և 230 հազար դրամ: Մնացորդը 270 հազար դրամ է:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերն եղել են` 60 մլն դրամ, ծախսերը` 56 մլն 171 հազար 880 դրամ, մնացորդը` 3 մլն 828 հազար 120 դրամ:
«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերն եղել են 5 մլն 820 հազար դրամ, ելքերը` 4 մլն 880 հազար 100 դրամ, մնացորդը` 939 հազար 900 դրամ:
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամի մուտքերն եղել են 1 մլն 24 հազար դրամ, որից ծախսվել է 783 հազար 900 դրամ, մնացորդը` 240 հազար 100 դրամ:
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանի հիմնադրամի մուտքերն եղել են 4 մլն 100 հազար դրամ, ելքերը` 2 մլն 86 հազար 600 դրամ, մնացորդը` 2 մլն 13 հազար 400 դրամ:
Ընտրական օրենսգրքի համաձայն, այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: