Արման Մելիքյանի շտաբի անդամին կաշառք են առաջարկել
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր այն կանխատեսումը, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո քարոզարշավն ավելի կոշտ կլինի և սև PR-ի դրսևորումներն ավելի ակնհայտ կլինեն՝ արդեն իրականություն է դարձել: Իբրև օրինակ՝ նա նշեց այսօր մամուլում տպագրված իր մասին մի հոդված: «Ես գտնում եմ, որ այս մոտեցումներն առաջիկայում ավելի լայն դրսևորումներ կստանան, անտեսելու փուլից դուրս ենք եկել, անցել ենք մրոտվելու փուլ»,- հայտարարեց Արման Մելիքյանը:
Նա նշեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց մարտավարությանը և, անկախ այն հանգամանքից՝ կհետաձգվե՞ն ընտրությունները, թե՞ ոչ, մինչև ընտրությունների օրը պետք է լուծվի ընտրությունների իրավաչափության հարցը, այսինքն՝ հրապարակվեն Հայաստանից հեռացած ընտրողների տվյալները: Հակառակ դեպքում իրենք ընտրողներին չեն խաբելու և ակտիվ քարոզարշավի միջոցով սոցիալական-տնտեսական ծրագրեր չեն ներկայացնելու:
«Մենք իշխանություններին առաջարկում ենք երկխոսություն, համագործակցություն՝ ընտրությունների համաչափ ապահովելու հարցում»,- ասաց Արման Մելիքյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին առաջարկել էին հավաքել այդ տվյալները: Նա հայտարարեց, որ իրենք տեղեկություն ունեն, որ Երևանի վարչական շրջաններում թաղապետարանների ցուցումով շենքերի լիազորները ձևաթղթերի միջոցով հավաքագրում են այդ տվյալները, սակայն, դրա հետ միաժամանակ՝ բնակչին առաջարկում են լրացնել այն տողը, որտեղ հարցում կա՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ընտրել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:
«Թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա, քանի որ նրանք անցնում են տնից տուն և հարցնում ՝արդյոք դուք կքվեարկե՞ք Սերժ Սարգսյանի օգտին: Այսպիսի մարդիկ մտել են անգամ հորս տուն, մեր շտաբի անդամի տուն և կաշառք առաջարկել: Սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Սա ողբերգական է իշխանության համար, իշխանության որակը բնութագրելու համար»,- հայտարարեց Արման Մելիքյանը: Նա նշեց, որ սա կոպիտ ընտրախախտում է, և այդ հարցն ինքը պատրաստվում է բարձրացնել թե ԿԸՀ-ում, թե միջազգային դիտորդների առջև:
Նախորդ ասուլիսի ժամանակ նախագահի թեկնածուն հայտարարել էր, որ ահազանգ է ստացել այն մասին, որ անձնագրեր են հավաքում «Գրանդ Քենդի» ընկերությունում: Այսօրվա ասուլիսում Արման Մելիքյանը նշեց, որ ընկերության տնօրենը մինչ այժմ զանգվածային լրատվամիջոցներին պարզաբանում չի տվել հարցի կապակցությամբ: