Թուրքիան Միջերկրական ծովի հատակով Հյուսիսային Կիպրոսին խմելու ջուր կմատակարարի 2014 թվականից
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Դարի» նախագծի իրագործումը մոտենում է իր ավարտին: Խոսքը գնում է Թուրքիայից ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը (ՀԿԹՀ) խմելու ջուր մատակարարելու մասին:
Այդ նպատակով Թուրքիայի հարավում կառուցվում է Ալաքյոփրու ամբարտակը, որտեղից էլ ջուրը խողովակաշարով ուղղվելու է դեպի Միջերկրական ծով և ՀԿԹՀ: Ներկայիս դրությամբ կատարված են ամբարտակի կառուցման աշխատանքների 60 տոկոսը, ինչպես նաև կառուցված է մինչև Միջերկրական ծով ձգվող 22 կիլոմետրանոց խողովակաշարի 2 կիլոմետրը: Խողովակաշարի ծովային հատվածի երկարությունը կազմում է 80 կիլոմետր, իսկ հզորությունը՝ 10.000 մետր խորանարդ մետր:
Ալաքյոփրուի ջրամբարում տարեկան կարող է ամբարվել 130 միլիոն խորանարդ մետր ջուր: Ամբարտակի բարձրությունը կազմում է 99 մետր՝ հիմքից: Նախագծի իրագործումը մեկնարկել է 2011 թվականի մարտի 7-ին: Պլանավորված է այն ավարտել դրանից ուղիղ 3 տարի անց՝ 2014 թվականի մարտի 7-ին: