
Հայրիկյանի «գաղտնի որոշումը»

Այսօր Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ապաքինվող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրագրողներին ասել է, որ բացառում է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առաջարկը՝ նոր ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ հացադուլի մեջ գտնվող Ղուկասյանը Պարույր հայրիկյանին կոչ էր արել դիմել ՍԴ՝ նոր ընտրությունների պահանջով: Պարույր Հայրիկյանն ասել է, որ մյուս թեկնածուներն էլ ունեն ՍԴ դիմելու իրավունք, այդ հարցով: Նրա խոսքով, ինքն այդ հարցով հանդիպել է մյուս թեկնածուների հետ, սակայն չի ասել նրանց անունները, ավելացնելով, որ նրանք իրենց որոշման մասին կհայտնեն վաղը: Ինչ վերաբերում է իր որոշմանը, ապա այն հայտնի կդառնա վաղը, ժամը 12-ին: Հայրիկյանն ասել է, որ իր նախնական դիրքորոշումը հետեւյալն է՝ ընտրությունները չպետք է հետաձգվեն, նաեւ խոսելով այն հանգամանքից, որ չպետք է անել այնպես, որ ջուր լցվի մեր թշնամիների ջրաղացին: Նա նաեւ ասել է, որ իր կողմնակիցներն ուսումնասիրում են հարցը, թե որքանով կարող է ահաբեկչությունն ազդել ժողովրդավարական գործընթացների վրա: