
Պարույր Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանի նամակին կպատասխանի փետրվարի 5-ին

Փետրվարի 5-ին, ժամը 13:00-ին ԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Սուսաննա Գրիգորյանը:
Վերջինս նշել է, որ ասուլիսը կլինի ոչ թե բժշկական կենտրոնում, այլ մայրաքաղաքի մամուլի կենտրոններից մեկում: Այդ օրը կանդրադառնա նաև նախագահի մեկ այլ թեկնածուի՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիմումին: «Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն այդ օրը»,- մեզ հետ զրույցում ասել է Սուսաննա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել էր Պարույր Հայրիկյանին՝ կոչ անելով նրան դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով:
Սուսաննա Գրիգորյանը նաև նշել է, որ ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակը կայունանում է, Պարույր Հայրիկյանն արդեն լավ է զգում, և որ վաղը, ամենայն հավանականությամբ, վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի այլ բաժանմունք: