Բաժիններ՝

Ս. Խաչատրյան. «Մենք նման խոսակցություն չենք ունեցել»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքեց այն տեղեկությունը, որ օրեր առաջ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Ահմադ Ալիռեզաբեիգի և Սյունիքի մարզային իշխանությունների հետ հանդիպման ժամանակ խոսք է գնացել Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը 1 մլրդ դոլարի հասցնելու մասին:

Հիշեցնենք, որ հայկական մի շարք ԶԼՄ-ներ , հղում անելով իրանական  IRNA լրատվական գործակալությանը, նշել էին, որ իրանցի պաշտոնյան այդ հանդիպմանը ընթացքում հայտարարել է, թե «շուտով Երևանի և Թեհրանի միջև առևտրի ծավալը կհասնի 1 մլրդ դոլարի»։ Ըստ այդ հաղորդագրության, Ալիռեզաբեիգին մասնավորապես ասել էր. «Ներկայում Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալը 500 մլն դոլար է, որը մոտ ապագայում պետք է կրկնապատկվի»։ Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Սուրեն Խաչատրյանն իր հերթին կարևորել է իրանական կողմի հետ համագործակցությունը Հայաստանի զարգացման համար և ասել,  որ Երևանը պատրաստ է շարունակել ամրապնդել կապերն Իրանի հետ։

Այս լուրը ինքնին զարմանալի էր, քանի որ ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության, Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունն այս պահին ոչ թե 500 միլիոն դոլար է, այլ 317.6 միլիոն (2012թ. տվյալներով)։

Ս. Խաչատրյանը մեզ հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. «Մենք նման խոսակցություն չենք ունեցել, էդպիսի պայմանավորվածություն չի եղել: Փորձում ենք առևտրական կապեր ստեղծել, բայց այսօր մենք չենք կարող ասել, թե ի՞նչ գումարի սահմանում կլինի»: Դիտարկմանը, թե հաղորդագրության համաձայն՝ նահանգապետը հստակ թիվ էր նշել, մարզպետը պատասխանեց. «Դե հիմա ինքը նշել է, իրեն ասա, ի՞նձ ինչու ես հարցնում: Ես ասում եմ՝ որպես Հայաստանի կողմ, ես նման խոսակցություն չեմ ունեցել»: «Հանդիպում ունեցել ենք, մշակութային միջոցառումներ ենք ունեցել, բայց նման խոսակցություն, որ 1մլրդ-ի առևտուր կազմակերպենք՝ էդպիսի թեմա չի եղել, էդպիսի հայտարարություն չի եղել»,- եզրափակեց Ս. Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս