Բաժիններ՝

Ո՞վ կրակեց Պարույր Հայրիկյանի վրա. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Պարույր Հայրիկյանի մահափորձի աշխարհքաղաքական վարկածն, այնուամենայնիվ, գոյության իրավունք ունի։ Հիմա, երբ աշխարհքաղաքական ուժային կենտրոնները, առավել քան երբևէ աշխարհքաղաքական կողմնորոշման հարցը սուր են դնում Հայաստանի առաջ, 17 տարի Խոիհրդային բանտերում ազգայնական գործունեության մեղադրանքով անցկացրած նախագահի թեկնածուի վրա կրակելը չի կարող մտածված գործողություն չլինել։ Մտածողների թեկնածուներն էլ երկուսն են Ռուսաստանն ու Արևմուտքը։

Ռուսաստանի վարկածը – Եթե Հայրիկյանը սպանվում էր. Սահմանադրության ուժով ընտրություններն ավտոմատ չեղյալ էին հայտարարվում, նշանակվում էր՝ նոր ընտրություններ, նոր թեկնածուներով, նոր քաղաքական իրադրությամբ։ Իսկ ինչու պիտի սա անհրաժեշտ լիներ Ռուսաստանին։ Գուցե՝ Սերժ Սարգսյանը բավարար երաշխիքներ չի տվել ՌԴ-ին, որ Հայաստանը մտցնելու է Եվրասիական միություն, և երբ Հայրիկյանի սպանությամբ Սարգսյանի անարգել վերընտրության ընթացիկ նախագիծը փլուզվում էր, ՀՀԿ-ի ղեկավաըը ավելի մեծ զիջումնեիի պատրաստ կլիներ։ Ակնհայտ է, որ Եվրասիական միությունը Ռուսաստանի ընթացիկ աշխարհքաղաքական գերակայությունն է, բայց այս ոլորտում ամեն ինչ այնքան հարթ չի ընթանում, որքան ցանկալի է Մոսկվայի համար։ Խնդիրն այն չէ, որ Հայաստանը հզոր դիմադրություն է ցույց տալիս։ Նման բան ասելու հիմքեր չկան։ Բայց չկա մի փաստ, որ Սերժ Սարգսյանը նման երաշխիք տվել է։

Արևմուտքի վարկածը – լրջորեն կարելի է դիտարկել, եթե Սերժ Աարգսյանն իրականում Ռուսաստանին երաշխիքներ է տվել Եվրասիական միության կապակցությամբ։ Արևմուտքը Հայրիկյանին սպանելու քայլին կգնար միայն այս պարագայում։ Նման քայլն առնվազն հետաձգում էր ՌԴ-ին «վերջնականապես ծախված» Սերժ Սարգսյանի վերընտրությունը, և հնարավոր դարձնում՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքումը։

Այսինքն այս տարբերակում, Հայրիկյանը որպես թիրախ կարող է ընտրվել հակառուսական տրամադրություններ բորբոքելու նկատառումով։ Նաև Սերժ Սարգսյանին ետ պահելու համար Եվրասիական միությանն անդամագրվելու ոգևորությունից։ Կամ գուցե նախագահի նոր ընտրություններ անցկացնելու, այսինքն նոր թեկնածուներ բերելու խնդի՞ր է դրված պրոռուսական վիճակը հակակշռելու համար։

Նույնը, ի դեպ, կարող էր վերաբերվել նաև Ռուսաստանին, որը կարող էր նոր թեկնածուների կազմով նոր ընտրություններ անցկացնելու խնդիր ունենալ։ Ի վերջո, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին ներքաղաքական դաշտում, ոչ ոք ըստ էության գլխի չընկավ։ Ոմանք արդեն սկսում են մտածել, որ Հայաստանում ընթանում է ոչ թե քաղաքական գործիչների, այլ օտարերկրյա գործակալների պայքար։ Մի բան ակնհայտ է. ներքաղաքական խաղացողներից ոչ ոք չէր կարող նման մահափորձի գնալ՝ զուտ ներքաղաքական հաշվարկներից ելնելով։ Նույնիսկ, եթե սա ներքին խաղացողների ձեռքի գործ է, բանը չէր կարող իրագործվել առանց օտարերկրյա կոնսուլտացիաների։

Կենցաղային վարկածը, նույնիսկ քննարկել չարժե։ Որովհետև ամենակենցաղային միջադեպը, որ բերում է կամ կարող է բերել քաղաքական ու աշխարհքաղաքական հետևանքների, դադարում է կենցաղային լինել։ Իսկ որ Հայրիկյանը, որպես թիրախ ընտրվել է ոչ թե իր ներկայի կամ ապագայի, այլ անցյալի համար, ակնհայտ է։ Հայրիկյանը թիրախ չէր լինի, եթե չլիներ նախագահի թեկնածու, բայց նախագահի թեկնածուներից հենց նա է ընտրվել անցյալի պատճառով։

Ի դեպ, անլուրջ են այն վարկածները, թե կրակողը սպանելու դիտավոիություն չի ունեցել։ Մարդու մարմնի վրա կրակողը չի կարող երաշխիք ունենալ, որ նա կենդանի կմնա։ Այնպես, ինչպես չի կարող երաշխիք ունենալ, որ կմահանա։ Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ քիլլերներն են վրիպում։ Թալիբ ահաբեկիչները մահվան էին դատապարտել պակիստանցի 15-ամյա աղջնակին` Մալալա Յուսաֆզայիին, և ահաբեկիչն ատրճանակը պահել էր երեխայի գլխին ու կրակել, բայց նա հրաշքով ողջ մնաց։ Ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ քիլլերների գործը անկանխատեսելի է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս