Հայ դասական գրականության լավագույն գրքերի տասնյակը. 100lichnost
Ռուսական 100lichnost.ru հեղինակավոր կայքը ռուս ընթերցողներին «հայ մեծ գրականության» հետ ծանոթացնելու նպատակով հրապարակել է հայ դասական գրականության լավագույն գրքերի ցանկը: Նմանատիպ ցանկեր կայքը հրապարակել է նաև նախկին Խորհրդային միության երկրների այլ գրականություններին ծանոթացնելու նպատակով:
«Խորագրի ավանդույթի համաձայն,-գրված է կայքում,- «լավագույն գրքերն» ընդամենը տասն են, բայց ինչպիսի՜ գրքեր»: Տասնյակի առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, որ, ինչպես կայքն է նշում, իրավամբ համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոց: Նարեկացուն հաջորդում են 19-20-րդ դարերի նշանավոր հայ դասականները` Խաչատուր Աբովյան («Վերք Հայաստանի»), Դանիել Վարուժան («Հեթանոս երգեր»), Միսաք Մեծարենց («Բանաստեղծություններ»), Եղիշե Չարենց («Երկիր Նաիրի»), Ակսել Բակունց («Սև ցելերի սերմնացանները»), Պարույր Սևակ («Եղիցի Լույս»), Հրանտ Մաթևոսյան («Սկիզբը»):
Ժամանակակիցներից դասականի համարում են ստացել երկու հեղինակ՝ Լևոն Խեչոյանը (Արշակ թագավոր, Դրաստամատ ներքինի) և երիտասարդ արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը, ում բոլորովին վերջերս լույս տեսած «Երկվորյակների արևը» վեպն էլ եզրափակում է ցանկը: