Ես Պարույրի հետ հենց այդ մասին էի խոսում
«Մեր թեկնածուները, մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, անընդհատ վանկարկում է, թե իբրև՝ իմ ժողովրդից վախ չունեմ, գալիս են ինձ ձայնագրում են և շանտաժի են ենթարկում ամբողջ լիազոր մարմնին, որը ստեղծված է հենց դրա համար: Բայց թիկնապահների տրամադրման հարցը կախված է նաև թեկնածուի մոտեցումից: Դեռևս ոչ մի թեկնածու չի դիմել, որ անվտանգության մարդիկ լինեն իր կողքին: Իսկ մենք կարծում ենք, որ չի կարելի թեկնածուին մենակ թողնել, մանավանդ՝ ուշ ժամերին»,- ՀՀԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք այս դեպքը առիթ չի՞ հանդիսանա, որպեսզի թեկնածուների անվտանգության հարցը լրացուցիչ միջոցներով ապահովելու մասին լուրջ քննարկում ծավալեք: Նա նշել է նաև, որ Պ. Հայրիկյանի հետ հենց այդ մասին է խոսել։
Հարցին, թե՝ Դուք Ձեզ պաշտպանված զգո՞ւմ եք, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ինձ պաշտպանված զգում եմ այնքանով, որքանով չեմ ընդունում, որ պետք է պաշտպանված լինեմ: Այսինքն՝ չեմ կարծում, որ բոլոր մարդիկ պաշտպանված են: Սրա մասին անընդհատ խոսակցություն է գնում. մի կողմից՝ վարկաբեկվում է լիազոր մարմնի պաշտպանվածությունը, իսկ մյուս կողմից՝ բոլորս ուզում ենք պաշտպանված լինել: Ինձ համար հաճելի չէ, որ որևէ մեկն իմ կողքին լինի, որ ինձ պաշտպանի: Բայց ընտրական այս ակտիվ ժամանակահատվածում բոլոր քաղաքական գործիչները պետք է պաշտպանված լինեն»:
Լրագրողներից մեկի հարցին, թե՝ հնարավո՞ր է Ձեզ այս միջադեպից հետո թիկնապահներով տեսենք, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ոչ»: 168.am-ի դիտարկմանը, թե Գ. Սահակյանը, փաստորեն, վախի զգացում չունի, վերջինս պատասխանել է. «Վախն էլ է զգացում: Եթե մարդը վախի զգացում չունի, ուրեմն այլ բնութագիր ունի: Բայց երբեմն ինքնությունը գերազանցում է վախը: Հիմա ես այդ վիճակում եմ գտնվում»: