Սերժ Սարգսյանը գերազանցեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 1-ին կայացած նիստում քննարկել է նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ հունվարի 14-ից հունվարի 30-ը կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը: Այս մասին հաղորդում է news.am կայքը:
Ըստ տեղեկանքի, Հրանտ Բագրատյանը հիմնադրամ է վճարել 5,72 միլիոն դրամ, որից ծախսել է 4 մլն 529 հազար 500 դրամը: Պարույր հայրիկյանը կատարել է 1 մլն 24 հազար դրամ, որից ծախսել է 783 հազար 900 դրամը, Րաֆֆի Հովհաննիսյանը կատարել է 60 մլն դրամի մուծում, ծախսել է 32 մլն 99 հազար 180 դրամ, որից 2 մլն-ը հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր են: Անդրիաս Ղուկասյանը կատարել է 4,1 միլիոնի մուծում, ծախսել է 2 մլն 86 հազար 600 դրամ: Սերժ Սարգսյանը կատարել է 69 մլն 743 հազար դրամի մուծում, ծախսել` 36 մլն 177 հազար 30 դրամը: Վարդան Սեդրակյանը կատարել է 500 հազար դրամի մուծում, ծախսել 270 հազար դրամ:
Ըստ տեղեկանքի` Արման Մելիքյանն ընդհանրապես նախընտրական հիմնադրամ չի բացել, Արամ Հարությունյանն էլ բացել է, սակայն հիմնադրամին ոչ մի լումա չի մուծել եւ չի ծախսել:
Փաստորեն, այս պահին ամենաշատ գումար ծախսած թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին հրապարակված տվյալների համաձայն՝ ամենաշատը ծախսել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: