Առավել շատ գումար առայժմ ծախսել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից երկուսը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և անկուսակցական Արման Մելիքյանը, հունվարի 22-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չէին բացել:

Հիմնադրամ բացած թեկնածուներից երկուսի` էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանի և «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանի, հիմնադրամներում ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամի մուտքերն եղել են 33 մլն 90 հազար դրամ, ելքերը` 4 մլն դրամ, մնացորդը` 29 մլն 90 հազար դրամ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերը թեև ավելի համեստ են` 15 մլն դրամ, սակայն նա ծախսել է ավելի շատ` 10 մլն 234 հազար 500 դրամ, մնացորդը` 4 մլն 765 հազար 500 դրամ:

«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերն եղել են 5 մլն 300 հազար դրամ, ելքերը` 640 հազար դրամ, մնացորդը` 4 մլն 660 հազար դրամ:

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամի հաշվեհամարին հունվարի 22-ի դրությամբ մուտքագրված է եղել ընդամենը 324 հազար դրամ, որից որևէ լումա չի ծախսվել:

Ընտրական օրենսգրքի համաձայն, այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

«Փաստինֆո»

 

Տեսանյութեր

Լրահոս