
ԴԱՀԿ աշխատակիցն այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ թերթի ծննդյան օրը

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է
«Դեռևս հունվարի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների և ՀՀ Դատական դեպարտամենտի կողմից: Մեզ փորձում էին հավաստիացնել, թե մեր մտահոգություններն անհիմն են, ավելին տարբեր գերատեսչական հաղորդագրություններ էին տարածվում՝ պնդելով, թե « «Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է»: Մինչդեռ փետրվարի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը և կազմել արձանագրություն՝ օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Սա նշանակում է, որ եթե «Ժողովուրդ» օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը:
Ի դեպ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան տարեդարձն է: Մենք դառնում ենք 2 տարեկան»:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն