«Շատ դժգույն հանցագործություն է». Գ. Սահակյանը՝ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Սովորական աշխատանքային քննարկում էր»:
Հաշվի առնելով կենտրոնական գրասենյակի առջև կայանած ավտոմեքենաների թիվը՝ լրագրողները հարցրին՝ սովորական աշխատանքայի նիստն այսքան բազմամա՞րդ է լինում: Դիտարկմանն ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Բազմամարդ չէինք, շատ քիչ էինք, իմիջիայլոց»:
Հարցին, թե արդյոք նիստը կապվա՞ծ էր Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Խոսացություններ այդ մասին, բնականաբար, պետք է լինեին. ամբողջ ազգն է խոսում այս մասին: Բայց դրանք այն քննարկումները չեն, որոնք պետք է որոշակիորեն վերլուծության ենթարկել: Մահափորձի որևէ վարկած չի քննարկվել, և չենք էլ կարող քննարկել: Առայժմ պետք է ասեմ, որ պետք է հուսանք, որ պարոն Հայրիկյանը կառողջանա: Մենք ևս այն տեսակետին ենք, որ այս միջադեպը ուղղված է պետության դեմ, որ սա ընտրությունների ընթացքը խաթարելու փորձ էր: Առավել ևս՝ կարծում եմ, որ ազգովի հանդես ենք գալիս որպես տուժող կողմ: Եվ մեր միակ մտածմունքը պետք է ոչ թե քաղաքական շահարկումները լինեն, այլ մեր գործով, սատարումով պետք է նպաստենք, որ լիազոր մարմիններն ավելի ակտիվ սկսեն բացահայտել գործը»:
Գալուստ Սահակյանը չի կարծում, որ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ընթացքը կարող է փոխվել. «Բոլորս էլ պասիվության մոտեցումներ ունենք, որովհետև շոկի մեջ ենք դեռ բոլորս: Այս պահին ավելի շատ մտորումներ են տիրում, քան քարոզարշավը: Բայց կարծում եմ, որ նախընտրական քարոզարշավը դադարեցնել չի կարելի»:
ՀՀԿ փոխնախագահը ավելացրեց, որ այսօրվա համար նախատեսված հանդիպումները արդեն չեն կայացել։ Ինչ վերաբերում է վաղվա այցերին, Սահակյանն ընդգծեց, որ ընդհանուր քարոզչական մեքենան վաղը կաշխատի, իսկ նախագահի այցերի գրաֆիկում փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի կունենան:
Հարցին, թե արդյոք ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերն են հարվածել պետականությանը, Գալուստ Սահակյանն ասաց, որ նման մոտեցումները, իր կարծիքով, շահարկման են վերածվում, որովհետև այս պահին կարևորը գործի բացահայտումն է. «Հանցագործություն է, շատ դժգույն հանցագործություն, որի բացահայտումը ոչ միայն Պարույր Հայրիկյանին է անհրաժեշտ, այլ ամբողջ մեր ժողովրդին»: