Բագրատյանը կանչել է իր նախկին թիկնազորի աշխատակցին

«Մեզ մտահոգում է իշխանությունների հայտարարությունները, թե դա մենք չենք, մեկն էլ հայտարարեց, թե դա ընդդիմությունն է: Ես նրանց խորհուրդ կտամ նման բաներ ասելու փոխարեն պարզապես բռնել հանցագործին»,- այսօր Ազատության հրապարակում համակիրների հետ ավանդական ամսիմեկյան հանդիպման ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ տարբեր ուժերի հայտարարությունների մասին:

Բագրատյանը նշեց, որ եղել է Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում և նրան հայտնել է իր կարծիքը, որ պարտադիր է համարում, որպեսզի ընտրությունները հետաձգվեն առնվազն երկու շաբաթով, և նաև ավելացրեց, որ իշխանություններն այդ ցանկությունը չունեն:

«Ընտրություններն անպայման պետք է հետաձգվեն, և պետք է մինչ այդ փորձել գտնել` ո՞վ է  դրա հեղինակը: Դա շատ կարևոր է: Իսկ ի՞նչ, եթե դա սարքած էր բնականաբար ինչ-որ մեկի կողմից: Ես այն կարծիքին չեմ որ պարտադիր կարգով իշխանությունն այդտեղ մասնակցություն չունի, այդ կարծիքին չեմ»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը:

Վերջինիցս հարցրեցին, թե, ըստ նրա, ովքե՞ր են  մահափորձի հեղինակները, ինչին ի պատասխան ՀՀ նախկին վարչապետն ասաց. «Մի քանի տարբերակներ ունեմ, սակայն որպեսզի որոշենք` ովքեր են մահափորձի հեղինակները, մենք պետք է նախևառաջ հետաձգենք ընտրությունները երկու շաբաթով, պետք է բռնենք այդ մարդուն»: Իսկ հարցին` ի՞նչ վարկածներ ունի, նա պատասխանեց, որ մի քանիսն են, բայց ինքը Շերլոկ Հոլմսը չէ, որպեսզի բացահայտի հանցագործին:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե արդյոք օգտվելո՞ւ է պետության կողմից տրամադրված անվտանգության աշխատակիցներից, ինչին ի պատասխան նա ասաց. «Ոչ չեմ օգտվի, էդ էր պակաս` իրենք մեր շտաբում նստեն»:

Իսկ հարցին, թե ինքը Բագրատյանը թիկնապահներ պահելու է, նա պատասխանեց, որ երբեք թինապահներ չի պահել, նույնիսկ երբ ՀՀ վարչապետն էր, սակայն այս միջադեպից 3 օր առաջ խնդրել է իր հին թիկնազորի աշխատակիցներից մեկին, որ «մեկ-մեկ` երեկոյան ժամերին, իրար հետ գնան տուն»:

Տեսանյութեր

Լրահոս