Երա՞զ, թե՞ իրականություն – 2

«Երա՞զ է, թե՞ իրականություն»,- այս հարցն է տվել Պարույր Հայրիկյանը, երբ իր վրա կրակելուց հետո շքամուտքում գետնին ընկած է եղել: Լրագրողներին այս մասին պատմել է նրա աղջիկը՝ Նարեն:

Սակայն դատելով վերը նշված նկարից՝ Պարույր Հայրիկյանը կարող էր նորից տալ իր նույն հարցը՝ իր դիմաց տեսնելով  ներկա և նախկին վարչապետներին՝ Տիգրան Սարգսյանին և Հրանտ Բագրատյանին՝ կողք կողքի կանգնած։ Եվ ոչ միայն Պարույր Հայրիկյանը: Այս լուսանկարը զարմացրել է քաղաքական անցուդարձին քիչ թե շատ տեղյակ ՀՀ քաղաքացիներից շատերին։

Իհարկե, քաղաքակիրթ երկրներում ոչ մի տարօրինակ բան չէին տեսնի նրանում, որ ընդդիմադիր գործիչը՝ նախագահի թեկնածուն, և իշխանական ամենաբարձր օղակի ներկայացուցիչը միասին և համանման մոտեցում ցուցաբերեին հասարակական հնչեղություն ունեցող որևէ դեպքի առնչությամբ։

Սակայն խնդիրն այն է, որ Հ. Բագրատյանի և Տ. Սարգսյանի միջև եղած անջրպետը շատ ավելի խորն է, քան պարզապես ընդդիմություն-իշխանություն բնական առճակատումը։ Նրանց միջև, կարելի է ասել, գոյություն ունի դեռևս 90-ականների սկզբից ծնունդ առած խորը անձնական հակակրանք, որը վերջին տարիներին բավականին պարզորոշ արտահայտվում է նրանց հայտարարություններում և գործողություններում։  Իհարկե, Բագրատյանի և Սարգսյանի՝  Հայրիկյանի հիվանդասենյակում միասին հայտնվելը զուգադիպություն է։ Ավելին, մեր տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին, երբ Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միասին փորձել են մտնել Պարույր Հայրիկյանին տեսակցելու՝ Տիգրան Սարգսյանը փորձել է թույլ չտալ Բագրատյանին ներս մտնել հիվանդասենյակ՝ պատճառաբանելով, որ, իբր, չի կարելի։ Սակայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասում են, ձեռքով մի կողմ է հրել ներկա վարչապետին և ներս մտել, զրուցել Հայրիկյանի հետ։ Այդ պահին, իհարկե, Հայրիկյանը դեղորայքի ազդեցության ներքո է եղել և դժվարացել է ամբողջովին գնահատել տեսարանը:

Մինչդեռ նշենք, որ նույն Հրանտ Բագրատյանը շատ նորմալ հարաբերություններ ուներ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ։ Օրինակ՝ «168 Ժամին» կից գործող «Պրեսսինգ» ակումբում տարիներ առաջ Բագրատյանն ու Մարգարյանը (երբ վերջինս վարչապետ էր) հանգիստ շփվում էին միմյանց հետ, կարծիքներ փոխանակում տարբեր հարցերի շուրջ։

Տ. Սարգսյանին և Հ. Բագրատյանին միասին կանգնած տեսնելն, իհարկե, զարմանալի է։ Սակայն շատ ավելի զարմանալի կլիներ Պ. Հայրիկյանի, թեկուզև հիվանդասենյակում, միասին տեսնել գործող նախագահ Սերժ Սարգսյանին և նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Նման «երազ», սակայն, թերևս որևէ մեկին չի վիճակվի տեսնել։

0101 0102

Տեսանյութեր

Լրահոս