Ուշքի գալով Պարույր Հայրիկյանը սկսել է երգել. «Դե եկեք, տղաներ, մենք միանանք…»
Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ գնահատական կարող եք տալ երեկ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: Ըստ Ձեզ` սա կարո՞ղ էր ձեռնտու լինել որևէ ուժի` նախագահական ընտրությունների նախաշեմին, ի՞նչ վարկածներ եք Դուք դիտարկում, և ինչպիսի՞ նոր զարգացումների կարող է սա հանգեցնել:
-Եզրահանգումներ անելը դեռ վաղ է. պետք է սպասել իրավապահ մարմինների համապատասխան գործողությունների արդյունքներին: Նման կարգի հանցագործություննրի հեղինակները կամ բացահայտվում են անմիջապես դեպքից հետո ՝ մի քանի օրերի ընթացքում, կամ… Իհարկե, այն, որ մեզանում իրավապահ մարմինները զբաղվում են քաղաքական գործիչների խոսակցությունների գաղտնալսումներով կամ նրանց դեմ շինծու գործեր թխելով, այլ ոչ թե նրանց անվտանգությունն ապահովելով, մեծ հույսեր կրակողի բացահայտման առումով չի ներշնչում: Այդուհանդերձ մենք պարտավոր ենք սպասել:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ու՞մ, ո՞ր քաղաքական ուժին կարող էին ձեռնտու լինել Հայաստանում այսօր տիրող գերեզմանային քաղաքական անդորրը խաթարած այդ կրակոցները, ապա «աշոտյանական» այդ հարցադրումը ես համարում եմ չափազանց վտանգավոր: Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո հարյուր հազարավոր հեռուստադիտողներ ականատես եղան, թե որքան ոգևորված էին կատարվածով այն հայտնի դեմքերը, ովքեր նախագահ դառնալու ցավով էին տառապում ՝ հայտարարելով, որ Կարեն Դեմիրճյանի վերադարձը մեծ քաղաքականություն արգելափակեց իրենց «հաղթարշավը» նախագահական նստավայր տանող ճանապարհին: Դրանց թիմակիցներից Մուշեղ Մովսիսյանը և Հայկ Բաբախանյանը նույնիսկ հայտնվեցին ճաղերի հետևում և ես անձամբ մեծ ճիգեր գործադրեցի, որպեսզի նրանց և միջնորդավորված նրանց այն ժամանակվա թիմակիցների դեմ առաջ քաշվող մեղադրանքները, որոնք հիմնվում էին «ում էր ձեռնտու» նույն տխրահռչակ մոտեցման վրա, փարատվեն:
Ահավասիկ «ու՞մ է ձեռնտու» և «ո՞վ է մեղավոր» հարցերը ոչ միայն պետք է տարանջատվեն, այլ քանի դեռ չի բացահայտվել կրակողը և նրա հետևում կանգնած մարդկանց շրջանակը, «ու՞մ էր ձեռնտու» հարցը ընդհանրապես չպետք է արծածվի: Եթե ֆաշիստական Ռեյխստագի հրդեհումը ձեռնտու էր կոմունիստներին և արհմիություններին, ապա դա չէր նշանակում, որ հենց նրանք էին այն կազմակերպել: Հիշենք նաև մի այլ պատմական իրադարձություն. Սերգեյ Միրոնովիչ Կիրովի սպանությունն օգտագործվեց ստալինյան ռեժիմի կողմից 1937 թվականի Մեծ Տեռորի սանձազերծման նպատակով: Հետագայում՝ արդեն անհատի պաշտամունքի դատապարտումից հետո, պարզվեց, որ Կիրովի սպանությունն իրականացրվել է հենց Ստալինի իմացությամբ ՝ ՆԿՎԴ-ի թուլտվությամբ և ուղղորդմամբ: Իսկ նպատակն էր՝ երկրում պետական մակարդակով բռնությունների սանձազերծումն ու արդարացումը:
-Իսկ արդյոք հնարավո՞ր է, որ նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձը որևէ կերպ խթանի որոշակի համախմբման` ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի շուրջ, եթե նաև հիշենք, որ Հայրիկյանն ինքը առաջին հերթին կարևորում էր ոչ թե անհատական ամբիցիաները, այլ միասնական թիմով հաղթանակը:
-Եթե ընտրությունները հետաձգվեն, իսկ դրա անհրաժեշտությունը բխում է օրենքի պահանջներից, եթե ինքը՝ Պարույրը դնի ընտրությունների հետաձգման պահանջը` նպատակասլաց օգտագործելով ժամանակը և իր անձնական խարիզման, ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի դարձնելու նպատակի շուրջ ընդդիմությանը համախմբելու համար, ապա «երկրորդ դասին» իշխանությունների տապալման հավանականությունը կդառնա հասարակության համար շոշափելի, ինչը կբերի անհրաժեշտ արդյունքի:
Տեսնում եք ՝ եթեները շատ են, սակայն պետք է հաշվի առնել Պարույրի անձնական հատկանիշները: Մեր ընդհանուր մտերիմ ընկերներից Մեխակ Գաբիելյանը, ով գիշերը, դեպքից հետո այցելել էր Պարույրին, հիվանդանոցում պատմեց, որ ուշքի գալով Պարույրը սկսել է երգել իր հայտնի երգերը. «Դե եկեք, տղաներ, մենք միանանք…»:
Պարույրը, իսկապես, եղել և մնում է հայ իրականության մեջ քաղաքական ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչը: Որպես այդպիսին, նա կարող է փոխել մթնոլորտը երկրում, ապացուցելով բոլորին, որ ոգին չի ծերանում: Կարող է, բայց կանի՞…