Բաժիններ՝

Սաակաշվիլին կարևորել է Վրաստանի արտաքին քաղաքականության «հայկականացումից» խուսափելը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարևոր է համարել Վրաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելը՝ հաշվի առնելով քաղաքական վերջին զարգացումները:

Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որով նախատեսվում է սահմանադրորեն ամրագրել երկրի ընթացիկ արտաքին քաղաքական ուղղվածությունը:

Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է. «Ինչո՞ւ է այդ փոփոխությունների հարցն օրակարգում հայտնվել հենց հիմա: Որովհետև Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իշխանափոխությունից հետո արվել են բազում հայտարարություններ:

Դրանցից գլխավորը Վրաստանի արտաքին քաղաքականության «հայկականացման» մասին հայտարարելն էր: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ մենք պետք է հավասար հեռավորություն պահպանենք ՆԱՏՕ-ից ու Ռուսաստանից: Սրանից առաջ դա չէր հանդիսացել Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղվածություն:
Երևանում քննարկում են Աբխազական երկաթուղու վերականգնման տեխնիկական մանրամասները:

Սակայն երկաթուղու վերաբացումը կնշանակի օկուպացման օրինականացում և դրանով իսկ մենք Ռուսաստանին կտանք հենակետ՝ Կովկասի զավթման համար, ինչն ուղղակիորեն հակասում է Վրաստանի ռազմավարական շահերին: Ռուսաստանը որոշել է 2015 թվականին վերականգնել ԽՍՀՄ-ը՝ Եվրասիական միության տեսքով և դրանում ներառել նաև Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պետք է օրինակ վերցնի Հայաստանից, ով լավ հարաբերությունների մեջ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ:

Ի դեպ,  «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջ քաշած «Վրաստանի արտաքին քաղաքականության չփոփոխման մասին» օրինագիծը բաղկացած է լինելու երեք բաղադրատարրերից. «Առաջինը վերաբերում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ ուղղվածության չփոփոխմանը:

Երկրորդն առնչվում է Վրաստանի ապաօկուպացմանն ու չճանաչված օկուպացված տարածքների պրակտիկային: Երրորդ բաղադրատարրն էլ ԱՊՀ-ին և այլ կառույցներին Վրաստանի անդամակցությունից հրաժարումն է, որոնցում գտնվելը սպառնալիք է ստեղծում նրա ինքնիշխանության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս