Ր. Հովհաննիսյանը հիվանդանոցում սեղմել է Պ. Հայրիկյանի ձեռքը

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու, «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեսյբուքցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ  ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարուր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո  ինքը և իր տիկինը` Արմինե Հովհաննիսյանը երեկ տեսակցության էին գնացել: «Ես Պարույրի ձեռքը սեղմեցի, և ինքը գիտակցական վիճակում էր: Եվ ինքը այս ձեռքսեղմումը փոխադարձեց»,- նշեց Ր. Հովհաննիսյանը, ում խոսքով` ինքը նորից կայցելի Պ. Հայրիկյանին, և ցանկանում է, որ նա շուտափույթ վերադառնա քաղաքական և հասարակական կյանքին: Հարցին, թե արդյո՞ք խոսել է Պ. Հայրիկյանի հետ, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Երեկ նրա ձեռքը սեղմեցի, նայեցինք իրար  աչքերին, ինքն էլ բարև ասաց, ես էլ լուռ պատասխանեցի»: 168.am-ի հարցին, թե Պ. Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն ո՞ւմ է ձեռնտու և ո՞ւմ է վնասում, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. « Ձեռնտու է նրանց, ովքեր չեն ուզում ունենալ 20 տարվա ընթացքում առաջին անգամ սահմանադրական, իրավական դե յուրե նախագահություն: Եվ հարված է հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու, մեր պետականության և մեր պետականության մի փոքր մասնիկ հանդիսացող  իմ վրա: Բոլորիս վրա հարված էր»:

Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմէ ընտրությունների հետաձգումը, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կրկին ասում եմ. ես հիմք չունեմ ասելու, որ այս ամենը նրա համար էր, որ մեկնումեկն ուզում է հետաձգել ընտրությունը: Ես կարծում եմ, որ ժողովուրդը պատրաստ է փետրվարի 18-ին ունենալ նոր նախագահ:  Եվ միգուցե մեկը մտահոգվում է դրա մասին, և ուզում է հետաձգել դա: Ես հիմք չունեմ դա ասել, բայց դա բարձրաձայն մտածում եմ: Արդյոք մեկն ուզո՞ւմ է հետաձգել, թե՞ ոչ, և այս միջոցով, Աստված չանի, ներողություն իմ խոսքերի համար, սպանելով Պարույրին, այլ ուղղակի վիրավորելով նրան: Եթե ուզենար, կսպաներ: Վախեցնելով Պարույրին` այնպիսի գործընթաց բացել, որը թույլ կտա հետաձգում: Դուք որոշեք` ո՞վ է վախենում  փետրվարի 18-ի ընտրությունից»: «Պարույր Հայրիկյանը մեր պետության ակունքներում կանգնած հայրենակից է, նվիրյալ է, առաջատար քաղաքացի է, որով բոլորս կարող ենք հպարտանալ: Անկախ նրանից՝ համաթեկնածո՞ւ է, թե՞ մրցակից: Դուք լավ գիտեք, որ Պարույրի և Հրանտ Բագրատյանի հետ մի քանի օր առաջ միասին հայտարարություն ստորագրեցի: Եվ դրանից այն կողմ չեմ ուզում որևէ ենթադրություններ անել»:

Տեսանյութեր

Լրահոս