Րաֆֆի Հովհաննիսյանի «առանց հետին մտքի» հայտարարությունը
Այս պահին «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունենում ֆեյսբուքահայության հետ, որին մասնակցում է թվով մոտ 60 օգտատեր՝ ներառյալ լրագրողները: Հանդիպման ամենասկզբում նա խոսել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին. «Խստագույնս և առանց որևէ շեղման կամ նախապայմանի կամ հետին մտքի՝ դատապարտում եմ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Ես դա համարում եմ, որ դա իմ դեմ կատարված մահափորձ է: Եվ այն, որ մեկը, որ պետք է բացահայտի՝ պետական մարմինը, համապատասխան գործող իշխանությունը ուզում է խեղել այս ընտրությունները, ով, իմ կարծիքով, վախենում է ժողովրդի իրական քվեից և Սահմանադրական իրավունքից»: Ր. Հովհաննիսյանը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանից, Ոստիկանությունից և ԱԱԾ-ից պահանջում է արագ բացահայտել կատարվածը: «Ես չեմ կարծում, որ սա իշխանության կամ ընդդիմության դեմ ուղղված հարված է, այլ պետականության և ժողովրդի ազատ ընտրության սահմանադրական իրավունքի դեմ ուղղված հարված է: Եթե այս իշխանությունն ուժ ունի՝ կբացահայտի»,- ասել է նախագահի թեկնածուն:
Ըստ Ր. Հովհաննիսյանի այս մեկնաբանության՝ ստացվում է, որ իշխանությունները վախենալով «ժողովրդի իրական քվեից»՝ Պ. Հայրիկյանի դեմ կատարել են այս հանցագործությունը: Փաստորեն, Ր. Հովհաննիսյանն ընդունում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի՝ առաջիկա ընտրություններում ընտրվելու շանսերն ավելի մեծ են, քան մյուս բոլոր թեկնածուներինը: