
Հիլարի Քլինթոնը վերջին 4 տարում օդում է գտնվել ավելի քան 2000 ժամ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր պաշտոնապես ավարտում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր կարիերան: Նա իր տեղը զիջում է 69-ամյա սենատոր Ջոն Քերիին:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը մտցվել է 1789 թվականին և իր գործառույթներով այն նման է այլ երկրներում արտգործախարարի պաշտոնին: Քլինթոնը դարձել է ԱՄՆ պետդեպարտամենտը գլխավորած երրորդ կինը՝ Մադլեն Օլբրայթից և Քոնդոլիզա Ռայսից հետո: Վերջինս իր հերթին հանդիսացել է ԱՄՆ առաջին աֆրոամերիկանուհի պետքարտուղար:
Պետքարտուղարի պաշտոնում անցկացրած 4 տարիների ընթացքում Հիլարի Քլինթոնն օդում անցկացրել է ավելի քան 2000 ժամ կամ էլ գրեթե ամբողջությամբ 87 օր: Պետդեպարտամենտի կայքում գործում է հատուկ հաշվիչ, որը հետևում է Քլինթոնի արտասահմանյան այցերին: Դրա տվյալներով՝ Քլինթոնն այդ 4 տարիներին այցելել է աշխարհի 112 երկիրը՝ հաղթահարելով ավելի քան 1.5 միլիոն կիլոմետր: