Բաժիններ՝

«Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրենը մեղադրվում է շուրջ 1.5 մլն դոլար հափշտակելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող Քրիստինե Պետրոսյանի դեմ գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ գրավատան գործունեություն իրականացնող «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրեն, միաժամանակ փաստացի տարադրամի փոխանակման գործունեություն իրականացնող Ք.Պետրոսյանը «առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, խաբեությամբ հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով՝ մատչելի գնով արտարժույթ, ոսկյա զարդեր, ադամանդե քարեր գնելու, դրանք վերավաճառելու, վարկային գործունեություն ծավալելու համար կազմակերպություն հիմնադրելու համար գումարներ ներդնելու պատրվակով, նշված գործարքներից խոշոր շահույթ ակնկալող քաղաքացիների վստահությունր չարաշահելով, 2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, խաբեությամբ վերջիններից մաս-մաս, տարբեր օրերին, հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի՝ 592.189.950 ՀՀ դրամին համարժեք՝ 1.532.100 ԱՍՆ դոլար, 30.000 ԵՎՐՈ և 6.880.000 ՀՀ դրամ գումարներ»։

Հունվարի 31-ին տեղի ունեցած դատական նիստում ցուցմունքներ է տվել տուժող Արմեն Ասլամազյանը, ով հայտնել է, որ ըստ պարտավորագրի, Քրիստինե Պետրոսյանը պարտք է իրեն 1 մլն. 90 հազար ԱՄՆ դոլար, որից 400 հազարը ամբաստանյալը պարտավորվել էր վերադարձնել մինչև 2011թ. հոկտեմբերը, իսկ 690 հազարը՝ 2012թ. փետրվարին: Ըստ տուժողի՝ ամբաստանյալի ներկայացնելով գումարի շուրջ 650 հազարը «բանկային սխեմաներում» է եղել, իսկ 400 հազարը ներդրված է եղել ոսկյա իրերի մեջ: Տուժողը չի ստուգել ոսկյա իրեր, ադամանդներ գնելու, վարկային կազմակերպություն հիմնելու Ք.Պետրոսյանի ծրագրերը իրական էին, թե ոչ, չի ցանկացել «քիթը խոթել» նրա գործերի մեջ: «Աշխատեցնելու համար» գումարներ տալու մասին ստացականներ չի պահանջել՝ վստահել է իր հանգուցյալ ընկերոջ կնոջը՝ Քրիստինեին և վախեցել է դրանով վիրավորել նրան: Պարտավորագիրն էլ կազմվել է այն բանից հետո, երբ ամբաստանյալի գրավատունը փակվել է, և ոստիկանությունը սկսել է հետաքրքվել նրանով:

Տուժողը հայտնեց, որ հիշյալ գումարից միայն 74 հազարն էր պատկանում իր ընկերոջը, մնացածը Ռուսաստանում 1998-2001թթ. իր ձեռնարկատիրական գործունեությունից կուտակած գումարն էր, սակայն ապահովության համար ներկայացնում էր, թե դրանք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իրավապահ մարմիններում աշխատող անձանց գումարներն են:
Պաշտպան Կարեն Հակոբյանի հարցերն ուղղված էին նրան, որ տուժողը «խոստովանի», որ ներդրված գումարները իրենը չեն: Ի պատասխան տուժողը հայտարարեց, որ 2001թ Հայաստան էր վերադարձել 1 մլն 300 հազար դոլարով, որը «կամաց-կամաց կուտակել; էր»:

Պաշտպանի հարցերը չսպառվեցին, նա հարցաքննությունը կշարունակի փետրվարի 15-ին:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս