«Քաղաքական կյանքը նման չէ փափկասուն օրիորդաց վարժարանի կյաքնին, և բոլոր շրջադարձերին հոգեբանորեն պետք է պատրաստ լինել»
168.am-ի հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատասխանեց.
«Ես չեմ ուզում անհիմն ենթադրություններ անել, բայց դա կարող է շատ տարբեր պատճառներով լինել: Անկախ նրանից, թե ինչով է առաջանորդվել հանցագործը, այս կրակոցներն ամեն դեպքում ուղղված էին Հայաստանի պետականության դեմ, որովհետև դա արվել է նախընտրական շրջանում, նախագահի թեկնածուներից մեկի նկատմամբ: Եվ այս առումով կատարված հանցագործության հանրային հնչեղությունը շատ ավելի բարձր է: Սա շարքային մահափորձ չէ»:
Ա. Մելիքյանի խոսքով` այս դեպքը առաջին հերթին վնաս էր իշխանությանը, քանի որ իշխանությունն է պատասխանատու երկրում կարգուկանոնի համար, հատկապես նախընտրական շրջանում: Հարցին,թե այդ դեպքից հետո որպես նախագահի թեկնածու` արդյո՞ք վախի զգացում չի առաջացել իր մոտ, որ հնարավոր է` նույնը կրկնվի մյուս թեկնածուների նկատմամբ, Ա. Մելիքյանը պատասխանեց. «Քաղաքական կյանքը ամենևին նման չէ փափկասուն օրիորդաց վարժարանի կյաքնին, և բոլոր շրջադարձերին հոգեբանորեն պետք է պատրաստ լինել: Այս առումով խնդիրն անձնական վախերը չեն, այլ այն, որ սա մտահոգություն է առաջացնում ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ հանցագործությունն առաջին հերթին ուղղված է պետության դեմ»:
Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների հետաձգմանը, որն, ի դեպ, նախատեսում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, նախագահի թեկնածուն ասաց, որ այս պահի դրությամբ առաջնայինը Պարույր Հայրիկյանի առողջական վիճակն է, և ինքը խնդիր չի տեսնում ընտրությունների օրը հետաձգելու համար: Դիտարկմանը, թե արդյո՞ք այդ դեպքից հետո նախագահի մյուս թեկնածուները պետք է դադարեցնեն քարոզարշավը, Ա. Մելիքյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ պետք է որոշում կայացնի ինքն իր համար, և դա էթիկայի խնդիր է