Թուրքական 7 մարտական ինքնաթիռ խախտել է Հունաստանի օդային սահմանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով հունական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 7 ինքնաթիռներ երեկ գիշեր ներխուժել են Հունաստանի օդային տարածք: Դրանից հետո օդ է բարձրացվել հունական մարտական ավիացիան:
Նշվում է, որ թուրքական ինքնաթիռներից 4-ը Հունաստանի օդային սահմանը խախտել են Խիոս կղզու հյուսիսային հատվածի մոտ, իսկ մնացյալ երեքը՝ Հռոդոս կղզու արևելյան հատվածում: Ենթադրվում է, որ թուրքական ավիացիան մասնակցել է ռազմածովային զորավարժությունների:
Հունաստանը Թուրքիային կանոնավորպես մեղադրում է իր օդային տիրույթի և հազվադեպ՝ ծովային սահմանների խախտման մեջ: Երկու երկրները Էգեյան ծովում վիճարկում են մայրցամաքային շելֆի բաժանման հարցը, Թուրքիան շարունակ կասկածի տակ է դնում Հունաստանի օդային ու ծովային սահմանների արդարացիության հարցը:
Հիշեցնենք, որ թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:
Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո:
Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունական կողմի տվյալներով՝ 2000–2009 թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը: