Ի՞նչ տիպի հրազենից են կրակել Պարույր Հայրիկյանի վրա (տեսանյութ)

Հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23:30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված «Ինքնորոշում Միավորում» ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակն այս պահի դրությամբ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նախնական տվյալներով 2 կրակոց է եղել, կրակել են մեքենայից իջելուց հետո անմիջապես, դիմացից՝ տան մուտքի առջև: Կրակված հրազենի գնդակներից մեկը ոստիկանները դեպքի վայրում են հայտնաբերվել: Մյուս գնդակը՝ Հայրիկյանի մարմնում է մնացել և դեռևս այն չի հեռացվել: Բժիշկների տեղեկացմամբ՝ ամենայն հավանականությամբ այն կհեռացվի առավոտյան: Երևանի ոստիկանապետի տեղեկացմամբ՝ գործի նախաքննությունը վարելու է Ազգային անվտանգության ծառայությունը՝ ընդհանուր օպերատիվ խմբի հետ համատեղ, որի կազմում կլինեն թե ոստիկանության, թե ԱԱԾ ներկայացուցիչները: Պարույր Հայրիկյանը Վերակենդանացման բաժնում իրեն տեսակցության եկածներին ասել է, որ շոկի մեջ է եղել և կրակողին չի հասցրել տեսնել:
Դեռևս ոստիկանությունը տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ինչ տիպի հրազենից են կրակել Պարույր Հայրիկյանի վրա: Սակայն կարելի է ենթադրել, որ կրակոցներն արձակվել են «նագան» տեսակի ատրճանակից, քանի որ միայն նագան տիպի ատրճանակներն են, որոնցից կրակելուց հետո պարկուճները մնում են ատրճանակի մեջ:
Ի դեպ, այս պահին հիվանդանոց՝ Պ. Հայրիկյանին տեսակցելու է այցելել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հացադուլի մեջ է գտնվում։

Լուսանկարը՝ news.am-ի

Տեսանյութը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս