
Նախագահական ընտրությունները կհետաձգվե՞ն

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածը կարող է հանգեցնել նոր իրադրության, ընդհուպ` մինչև ՀՀ նախագահի ընտրության հետաձգում կամ նոր ընտրությունների հայտարարում: Համենայնդեպս նման եզրահանգման հիմք է տալիս ԸԸ Ընտրական օրենսգիրքը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ՀՀ նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին), Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Իսկ ԸՕ- 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն (ՀՀ նախագահի նոր ընտրություններ)` Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը: