
«Մեր թիմում արդեն այսօր կան ՀՀԿ ներկայացուցիչներ». Ա.Մելիքյան

«Շատ կարևոր է, որ հենց իշխող կոալիցիայի շարքային անդամները հնարավորություն ունենան իրենց տեսակետներն արտահայտել իրենց կուսակցական վերնախավի գործելակերպի վերաբերյալ: Կարծում եմ, որ դա ներկուսակցական կյանքն առողջացնելու շատ լավ միջոց է»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իր վստահված անձանց շարքերում լինելու են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի անդամներ: Նախագահի թեկնածուից հետաքրքրվեցինք, թե իր վստահված անձանց մեջ արդեն կա՞ն վերոհիշյալ կուսակցության ներկայացուցիչներ: Արման Մելիքյանը պատասխանեց, որ քանի որ իրենք դեռ զբաղվում են ընտրությունների օրինականության հաստատման խնդրով, վստահված անձանց վկայականները դեռ չեն բաժանել: «Մեր թիմում արդեն այսօր կան ՀՀԿ ներկայացուցիչներ, և ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում կլինեն նաև ՕԵԿ-ի ներկայացուցիչներ»,- ասաց թեկնածուն:
Այն հարցին, թե արդյո՞ք սա կուսակցական կարգապահության խախտում չէ, և արդյո՞ք կուսակցության ղեկավարությունը նման տեղեկատվություն ստանալուն պես չի հեռացնի այդ մարդկանց իրենց շարքերից, Արման Մելիքյանը պատասխանեց. «Եթե շարքային կուսակցականները որոշում են գնալ կուսակցական վերնախավի` կուսակցապետերի որոշումներին հակառակ, ուրեմն այդ կուսակցության ներսում ամեն ինչ չէ, որ նորմալ է»:
Ի դեպ, Արման Մելիքյանի նախընտրական ծրագրում ևս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչներին՝ իբրև նախագահի թեկնածուի վստահված անձ ներառելու մասին կետ կա: