Ի՞նչ է անելու էպոսագետը նախագահության առաջին երեք օրերի ընթացքում
«Մշակույթի հայկական ֆոնդի» նախաձեռնությամբ ԳԱԱ-ում այսօր տեղի ունեցավ հանդիպում նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ: Ինչպես 168.am-ին փոխանցեց Վարդան Սեդրակյանը, նախագահի թեկնածուներից ինքն առաջինն էր հյուրընկալվել մտավորականների այս խմբին:
«Ինձ համար կարևոր էր, որ իրենք գոհ մնացին հանդիպումից: Դե, 1998-ից ես այդ շրջանակներում եմ, շատերին անձամբ էի ճանաչում»,- հանդիպումից հետո ասաց նախագահի թեկնածուն:
Հանդիպմանը ներկա էին մոտ 15 տարեց գիտնականներ՝ հիմնականում հումանիտար գիտությունների ներկայացուցիչներ: Վարդան Սեդրակյանին հարցրինք, թե արդյոք ինչպե՞ս է ընդունում այն փաստը, որ հանդիպմանը չկային հայտնի ակադեմիկոսներ և ավելի երիտասարդ գիտնականներ: «Ինչքան ես գիտեմ՝ այդտեղ հասարակ մարդ չկար, բոլորն էլ պատկառելի գիտնականներ էին: Դե հիմա երիտասարդությունը չի սիրում կարդալ»,- պատասխանեց նախագահի թեկնածուն: Հանդիպումը տևեց բավական երկար նաև այն պատճառով, որ թոշակառու գիտնականները, բացի հարց տալուց, նախընտրում էին երկար կարծիքներ հայտնել հայկական էպոսի կամ պատմական փաստերի վերաբերյալ:
Խոսելով տնտեսության վերաբերյալ իր մոտեցումների մասին՝ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ օդանավակայանի, երկաթուղու, կապի ապազգայնացումը երկրի անվտանգության սպառնալիքներ են, և դրանք, իր նախագահ ընտրվելուց հետո, պատրաստվում է կրկին ազգայնացնել: Նա նշեց, որ պետք է քիմիական արդյունաբերությանը զարկ տալ, ներկաների հետ հիշեց, թե խորհրդային «Երազանք»-ն ինչքան լավն էր, և ինչ լավ կլինի, որ հիմա մեր տնային տնտեսուհիներն օգտագործեն տեղական և ոչ թե թուրքական լվացքի միջոցներ: Այս տեսակետները և առաջարկները հանդիպման մասնակիցներին բավական դուր եկան, և մերթընդմերթ լսվում էին նաև ծափահարություններ:
Այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել նախագահ դառնալու առաջին երեք օրերի ընթացքում, Վարդան Սեդրակյանը պատասխանեց, թե Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է հայտարարելու, Նախիջևանը Հայաստանին վերադարձնելու գործընթացն է նախաձեռնելու և ճանաչելու է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: