Սերժ Սարգսյան. Աբխազական երկաթուղու վերականգնումը շատ բան կարող է տալ Հայաստանին
Հայաստանը և Ռուսաստանը միմյանց կապող աբխազական երկաթուղու վերականգնումը կարևոր է և շատ բան կարող է տալ Հայաստանին: Ըստ «Ռեգնում» գործակալության այս մասին այսօր Եղվարդ քաղաքում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀԿ ղեկավար և գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս ճանապարհը շատ արդյունավետ կլինի` նվազեցնելով ապրանքների ինքնարժեքում տրանսպորտային բաղկացուցիչը, ապահովելով անխափան երկաթուղային հաղորդակցություն ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ այլ երկրների հետ: Այստեղ կասկածներ լինել չեն կարող: Կարծում եմ` այդ նախագծից մեր բոլոր ակնկալիքներն իրական են: Երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստան էր ժամանել, նա հայտարարել էր, որ իր կառավարությունն այդ երկաթուղու վերականգնմանը մեծ կարևորություն է տալիս: Մնացել են մի շարք տեխնիկական հարցեր, որոնց ուղղությամբ մենք այժմ աշխատում ենք»,- նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում news.am-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերագործարկման մասին լուրերն ակտիվացան նախորդ տարի Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ Վրաստանի նոր կառավարությունը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, հայտարարեց, որ պատրաստ է վերականգնել Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցությունն` առանց որևէ նախապայմանի: Իր հերթին Մոսկվան դեռևս դեռ լռում է, իսկ Վրաստանում հաղորդակցության վերականգմանը բացահայտորեն դեմ է արտահայտվում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: