Բնակչության 95,3%-ը առաջընթաց է նկատում բջջային կապի և ինտերնետի ոլորտում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։ Դրանց համաձայն շոշափելի արդյունք է տվել նախևառաջ բջջային կապի և ինտերնետի ոլորտի բարեփոխումները: Ըստ այդմ՝ հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն դրական տեղաշարժեր կան վերջին 5 տարվա ընթացքում, հայտնել է վարչապետը:
Ըստ հարցումների, մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել երկրորդ ոլորտը՝ երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է, որի վերաբերյալ բավական բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակության մեջ և հիշում եք, որ կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների 82.4 տոկոսը արդյունքները գնահատում են դրական։ Երրորդ ոլորտը` 65.1 տոկոս, կադաստրի աշխատանքն է, որտեղ մեր քաղաքացիները գնահատում են, որ կան լուրջ ձեռքբերումներ։ Մեր քաղաքացիների գնահատականներով այս երեք ոլորտներում մենք ունենք ակնհայտ առաջընթաց։
Տեղեկացնենք, որ Կառավարության գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա ամբողջական տեղեկատվությունը կատարված հետազոտության մասին այսօր կզետեղվի կառավարության կայքում: