Բաժիններ՝

Հայաստանի խոշորագույն հարկատուն Սամվել Ալեքսանյանն է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկատուների և նրանց վճարած հարկերի ցանկը՝ 2012 թվականի արդյունքներով։

Եվ այսպես, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են մուծել  558.5 միլիարդ դրամի հարկեր, որը կազմում է նախորդ տարվա ընդհանուր հարկային եկամուտների 77.2%-ը։ Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը 2011 թվականի համեմատ աճել է 15.5%-ով, իսկ բոլոր հարկատուներինը՝ 14.9%-ով։ Սա կարելի է մեկնաբանել այսպես. հարկերի աճը փոքր ու միջին բիզնեսի ուսերին չի ծանրացել։ Թեպետ, նշենք, որ առաջին 10 խոշոր հարկատուներն այս առումով ետ են մնում. Նրանք հարկերն ավելացրել են 9.1%-ով։

Ընդ որում, 10 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի 9.1%-անոց աճն ապահովվել է առաջին հերթին « ՀայՌուսգազարդի» շնորհիվ. ընկերությունը 2012 թվականին պետբյուջե է վճարել 30.9 միլիարդ դրամ, որը 9.1 միլիարդով կամ 41.8%-ով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը։ Մյուս կողմից՝ 10 խոշոր հարկատուներից 4-ը նվազեցրել են բյուջե վճարած հարկերը։ Նրանց թվում է նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող  «Ալեքս Գրիգը», որը 2012 թվականին վճարել է 17.4 միլիարդ դրամի հարկեր՝ 300 միլիոնով պակաս, քան 2011-ին։

Խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը պետբյուջե է վճարել 31.6 միլիարդ դրամի հարկեր։ «ՀայՌուսգազարդը» երկրորդն է՝ 30.9 միլիարդ դրամով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ղ-Տելեկոմը»՝ 21.6 միլիարդ դրամով։

15-harkatu

Այդուհանդերձ, եթե խոշոր հարկատուների ցանկը դիտարկենք ոչ թե՝ ըստ ընկերությունների, այլ՝ ըստ դրանց սեփականատերերի, ապա կստացվի, որ Հայաստանի խոշորագույն հարկատուն Սամվել Ալեքսանյանն է։

Թեպետ խոշոր հարկատուների ցանկում չի նշվում, թե ընկերությունների սեփականատերերն ովքեր են, այդուհանդերձ, Ս. Ալեքսանյանին պատկանող խոշորագույն ընկերությունների ցանկը բոլորին է հայտնի։ Նրան պատկանող միայն երեք ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծությունը 26 միլիարդ դրամ է։ Այսպես, «Ալեքս Գրիգը» վճարել է 17.4 միլիարդ դրամ, գոմեշի մսի ներմուծմամբ զբաղվող «Սամ-Սեր Գրուպը»՝ 6.6 միլիարդ, դեղերի ներմուծմամբ զբաղվող «Նատալի Ֆարմը»՝ 1.9 միլիարդ։

Եթե այս ցանկին ավելացնենք նաև «Լուս Աստղ», «Լուս Աստղ Շուգր» ընկերությունները, «Մալաթիա» բժշկական կենտրոնը, ապա բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կկազմի շուրջ 27 միլիարդ։ Սա բավականին լուրջ գումար է։

Ավելի շատ հարկեր վճարել են միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (31.6 միլիարդ) և «ՀայՌուսգազարդը» (30.9 միլիարդ)։ Սակայն «Զանգեզուրի» բաժնետոմսերի 60%-ը պատկանում է «Քրոնիմեթ» գերմանական կորպորացիային, իսկ «ՀայՌուսգազարդի» 80%-ը՝ ռուսական «Գազպրոմին», ասել է թե՝ ՌԴ կառավարությանը։ Այնպես որ, անձի մակարդակով համեմատելու եզրեր այստեղ չկան։ Իսկ խոշոր հարկատուների ցանկի 3-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնող «Ղ-Տելեկոմն» ու «ԱրմենՏելը» պատկանում են, համապատասխանաբար, ռուսական MTC և «Вымпелком» ընկերություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս