Էպոսագետը Սերժ Սարգսյանին մեղադրում է հիշողության կորստի մեջ

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մասին նման կարծիք կազմել է, երբ դիտել է  հունվարի 28-ի՝ բանակի օրվա միջոցառումների լուսաբանումը հեռուստաեթերով: Վարդան Սեդրակյանը նշեց, որ այդ օրը ոչ մի խոսք չասվեց  այն մարդու մասին, ով ստորագրել է բանակի ստեղծման հրամանագիրը, չխոսվեց առաջին պաշտպանության նախարարի մասին, չխոսվեց այն պաշտպանության նախարարի մասին, որն ազատագրել է Շուշին:

«Տպավորություն ստեղծվեց, որ հայ ժողովրդի ապահովության երաշխիքը Սերժ Սարգսյանն է: Եթե ատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ստեղծել է  այս բանակը, գոնե  Վազգեն Մանուկյանի մասին մի երկու խոսք ասեին: Ամբողջ օրը ոչ մի խոսք չասվեց Վազգեն Սարգսյանի մասին,  որին ժողովուրդն այնքան էր սիրում,որ սպարապետ էր անվանում: Ես գտնում եմ, որ ինքը և իր կուսակցությունը գերագնահատում են իրենց հնարավորություններն այս պատմության մեջ»,-ասաց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի մոտ հիշողության կորուստն արտահայտվում է այն փաստով,որ վերջինս իր կենսագրության որոշ դրվագներ «մոռանում» է, օրինակ, չի նշում, թե երբ է եղել ՀՀՇ անդամ:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի մարզային այցելություններին՝ Վարդան Սեդրակյանն ասաց, թե ավելին պետք չէր սպասել, և նա ցույց է տալիս իր  ինտելեկտի աստիճանը: «Պետք չէ նեղանալ, մարդու կենսագրությունը, որ կարդում եք , տեսնում եք՝ խառատ է եղել, հիմա էլ խառատի մակարդակով անում է իր քարոզարշավը»,-նշեց էպոսագետ թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս