Ինձ համար շատ լավ է, որ որևէ օլիգարխիկից կախված չլինեմ, թեպետ կան գործարարներ, որ ինձ օգնում են

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում կրկին դիմել էր քաղաքացիներին՝ դրամահավաքի միջոցով օգնել իրեն հեռուստաեթերից օգտվելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն հարցին, թե Ձեր գումարները վերջացե՞լ են, որ կրկին դիմում եք քաղաքացիների օգնությանը, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատասխանեց.

«Հայրիկյանի գումարները վերջացած էին հենց սկզբից: Հենց այդ հանգանակությունների շնորհիվ է, որ ընտրագրավն եմ վճարել: Դրամահավաքը ինձ հնարավորութուն է տալիս, ինչպես ցանկացած ծառայի, իր ծառայությունը կատարելու համար ստանալ միջոցներ և այդ ծառայությունը կատարել: Ես որպես ժողովրդին ծառայելու տրամադրված գործիչ՝ հենց ժողովրդի միջով պետք է իրենց կարիքները հոգամ: Ինձ համար շատ լավ է, որ որևէ օլիգարխիկից կախված չլինեմ: Կան գործարարներ, որ ինձ օգնում են, բայց հենց սկզբից գիտեն… Իրենց հետ էլ, որ խոսակցություն է լինում, 5 հարյուր հազար տալիս են, հետո ասում են՝ տեսնես Հայրիկյանը կօգնի՞: Բայց ես ուրախ եմ, որ ավելի շատ քաղաքացիներից եմ օգնություն ստանում»,- նշեց նա:

Լրագրողների խնդրանքով Հայրիկյանը անդրադարձավ, ինչպես ինքն է իրեն կոչում «Պարույր Հայրիկյանի թերևս լավագույն աշակերտը Մոսոյից հետո», նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին, ով բանավեճի էր հրավիրել նախագահի բոլոր թեկնածուներին: Հարցին, թե կընդունե՞ք Արամ Հարությունյանի հրավերը, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ բանավեճի մասին խոսելով Արամ Հարությունյանը ինձ նկատի չի ունեցել: Որովհետև աշխարհում ոչ մի պարկեշտ աշակերտ իր ուսուցչին բանավեճի չի հրավիրում: Մանավանդ, որ ինձ չի դիմել: Նրան մաղթել եմ, մաղթում եմ հաջողություններ իր բոլոր գործերում»:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանը ներողություն խնդրեց նաև Նորագավիթի և Մասիսի բնակիչներից, որոնց հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն չունեցավ, թեպետ նախատեսել էր, բայց հաջորդ բնակավայրում ունեցած ժամադրությանը շտապելու պատճառով չհասցրեց հանդիպել իրենց հետ:

Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ այսօր հանդիպումներ կունենա Կոտայքի մարզի 14 բնակավայրեի բնակիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս