Կոտայքի նախկին փոխմարզպետի վերաքննիչ բողոքը մերժվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ հունվարի 30-ին մերժել է ՀՀ Կոտայքի նախկին փոխմարզպետ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լևոն Միքայելյանի բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 12-ի դատավճռով հիմնավորված էր համարել, որ Լևոն Միքայելյանը, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:

Լևոն Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով:

Լ.Միքայելյանի միջնորդությամբ գործը դատարանում քննվել էր արագացված դատաքննության կարգով:

Ամբաստանյալն ու նրա պաշտպան Վաղարշակ Գևորգյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էին Լևոն Միքայելյանին ազատել ազատազրկման ձևով նշանակված պատժից:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս