Վարդան Օսկանյանը կարող էր վիրուս լինել

«Ես ցավում եմ, որ Հայաստանում չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում փողերի լվացում: Շատ կարևոր է, որ պետությունում փողերի լվացման կոնտրոլն աշխատի: Սա շատ անհրաժեշտ է  Հայաստանին»: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդեպ դեռևս անցյալ տարի սկսված հետապնդումներին:

Մանրամասնելով իր միտքը՝ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Առաջինը գումարն է, որը վաստակած է կասկածելի բիզնեսով՝ թրաֆիքինգի, կազինոների, թմրանյութերի միջոցով: Երբ անհայտ տեղից բիզնեսով չզբաղվող մարդու հաշվին գումար է գալիս, սա արդեն նախադրյալ է, որ նրան կոնտրոլի, վերահսկողության տակ վերցնեն: Իսկ Վարդան Օսկանյանի դեպքում աղբյուրը հայտնի է, մարդը հայտնի է, գումարն ուղղակի ձևով է փոխանցվել, և նպատակներն ավելի քան թափանցիկ են են: Եթե հիմա ինչ-որ մեկը հաշվի, թե որքան գումար է նստել հիմնադրամի վրա այս միջոցառման կազմակերպման հարցը, ամեն ինչ կհասկանա»:

Հ. Իգիթյանը հավելեց, որ իր կարծիքով՝ Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումներ սկսելու պատճառն այն էր, որ «իշխանությունը չի ներում, երբ իշխանությունից մեկը դուրս է գալիս ու համարձակվում է իշխանությանը դեմ բան ասել։ Միևնույն ժամանակ մտնում է մի կուսակցություն, որն անվերապահորեն համարվում էր իշխանության մի մաս, ու սկսում է քննադատել իշխանությանը։ Իշխանությունները մտածեցին, որ դա կարող է մի վիրուս լինել, որն այդ ուժը դարձնի հակաիշխանական: Այդ պատճառով անվտանգությունը երկրի անվտանգության խնդիր տեսավ, իսկ մեզ մոտ դա ընկալվում է՝ որպես իշխանության անվտանգության խնդիր: Այդպես եղավ: Բոլորի համար պարզ է, որ դա քաղաքական հետապնդում է»:

ՀՀՇ անդամն ընդգծեց նաև, որ ԱԱԾ-ն Հայաստանում առաջին հերթին զբաղվում է ընդդիմադիր գործիչներով, որովհետև նրանք համարձակվում են դուրս գալ իշխանության դեմ, ինչն էլ իր հերթին՝ հակապետական քայլ է  համարվում: «Այստեղից է ամեն ինչ գալիս: Նրանք իրոք մտածում են, որ եթե մեկը թեկնածություն է դնում Սերժի դեմ, հակապետական գործիչ է: Այս ընկալումը գալիս է իշխանությունից»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս