Բաժիններ՝

Ի՞նչ է պատրաստվում կառուցել «Երևան, իմ սեր» հիմնադրամը

Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում ավելի քան 1000քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Երևան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքը նշել էր, որ նվիրաբերվող գույքի շուկայական արժեքը 400 միլիոն դրամ է (շուրջ 1 միլիոն դոլար)։

168.am-ն անդրադարձել էր այդ թեմային՝ նշելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին վարչապետ, Eurasia House International կազմակերպության նախագահ Արմեն Սարգսյանն է (այդ մասին պաշտոնապես հայտարարվել է)։

«Երևան, իմ սեր» հիմնադրամն այսօր նամակ է ուղարկել 168.am-ին՝  անդրադառնալով իր կողմից իրականացվող ծրագրերին։ Ստորև ներկայացնում ենք այ նամակը։

 

Կարդացեք նաև

«Երևան իմ սեր»

  «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք` բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները և կյանքի որակը:

Ներկայումս Հիմնադրամի կողմից միաժամանակ կյանքի են կոչվում մի քանի ծրագրեր.

Առաջին ծրագիր

Առաջին ծրագրով նախատեսվում է երեք շենքերի կառուցում`

Երևանում` Լեոյի փող. 3 հասցեում նախկինում տեղակայված 19-րդ դարի եռահարկ շենքի վերակերտում, որը ծառայելու է որպես Միայնակ մայրերի և երեխաների ապաստարան` սոցիալական, հոգեբանական և նյութական խնդիրներ ունեցող անապահով երեխաների և մայրերի համար:

Նախկինում Երևանի Ֆիրդուսի փող. 80 հասցեում տեղակայված 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի շենքի վերակերտում, որը ծառայելու է որպես լսողության և խոսքի արատ ունեցող ծնողազուրկ և անապահով երեխաների մանկապարտեզ:

Եկեղեցուն հարակից համայնքային կենտրոն` 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան շենքի վերակերտում, որը օժտված է լինելու հասարակական, մշակութային, կրթական գործունեության, գրասենյակների հանդիպումների սրահներով և այլ հարմարություններով:

 

Երկրորդ ծրագիր

Երկրորդ ծրագրով նախատեսվում է Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ կառուցել ընդարձակ մշակութային կենտրոն և համայնքային հոգևոր-մշակութային ենթակառուցվածքների գործունեության ապահովման համար նախատեսված ևս մի քանի հարակից շենքեր` փոքրիկ թատրոն, արվեստի ցուցասրահ` վերստեղծելով և պահպանելով հին Երևանի ճարտարապետությանը հարազատ ոճը:

 

Երրորդ ծրագիր

Երրորդ ծրագրի նպատակը Երևանում նվազած կանաչ տարածության վերականգնումը և երևանցիների ընդարձակ, խնամված և գեղեցիկ այգի  նվիրելն է: Հիմնադրամը նախատեսում է որպես առաջին քայլ վերականգնել և պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի բլուրը շրջապատող 100 հեկտարից ավելի մակերեսով այգին: Ներկայումս այգու պլանավորման, արտաքին տեսքի, լուսավորման և անհրաժեշտ այլ համակարգերի մշակման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացված ամենահեղինակավոր եվրոպական ընկերություններից մեկի` Randle Siddeley Associates ընկերության և իրենց հայ գործընկերների համատեղ ջանքերով: Նախագծերն ավարտական տեսք ստանալուց հետո անշուշտ ներկայացվելու են հանրության ուշադրությանը:

 
Ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ

Հիմնադրամը նպատակ չի հետապնդում Երևան քաղաքում որպես սեփականություն հողամաս կամ շենքեր ձեռք բերել: Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շահառուները երևանցիներն են և ծրագրերի իրագործման համար հատկացված հողամասերը և դրանց վրա կառուցվող շենքերը շինարարության ավարտից հետո չեն պատկանելու Հիմնադրամին, այլ վերադարձվելու են Երևան քաղաքին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն: Եվ եթե ընդունենք, որ հատկացվող մոտ 1000 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը կարող է հասնել 400 մլն ՀՀ դրամի, նույնիսկ այդ դեպքում, բարեգործական ծրագրով նախատեսված շենքերի կառուցումից հետո երևանցիներին վերադարձված այդ հողամասի արժեքը կրկնապատված կամ նույնիսկ եռապատկված է լինելու, քանի որ հողամասի արժեքին ավելանալու է դրա վրա կառուցված շենքերի արժեքը: Հետևաբար Հիմնադրամը մեր համաքաղաքացիներին ցանկանում է տալ շատ ավելին քան կառուցապատման համար ժամանակավորապես հատկացված հողամասի արժեքն է: Ի վերջո ամեն ինչին դրամական գնահատական տալու և նախևառաջ շահույթով առաջնորդվելու դեպքում միգուցե Երևանում կունենանք կոմերցիոն տեսակետից ավելի թանկ բարձրահարկեր, սակայն դա կհանգեցնի հին Երևանից մնացած սակավաթիվ օազիսների վերջնականապես ոչնչացմանը: Մեր համոզմամբ հին Երևանի պատմական դեմքը և ճարտարապետական ոգին դրամական գնահատական չի կարող ունենալ, այն անգին է: Հենց այդպիսի մտայնությամբ են ընտրվել նաև բարեգործական ծրագրերի իրականացման վայրերը` Կոնդում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարող տարածքը և Ձորագյուղ ազգագրական թաղամասում` Սբ. Սարգիս եկեղեցու մերձակայքը:

Հիմնադրամը մեկնարկից ի վեր ջանքեր է գործադրել հին Երևանի ճարտարապետական կոլորիտին համապատասխանող, արդեն քանդված շենքերի բնօրինակ ճարտարապետական նախագծերի հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: «Դոմուս Դիզայն» և «Ստորակետ» ճարտարապետական գրասնեյակների հետ համագործակցության արդյունքում հաջողվեց արխիվային փաստաթղթերի հիման վրա վերականգնել արդեն իսկ քանդված երևանյան պատմամշակութային կոլորիտը կրող որոշ շենքեր: Վերականգնելու նպատակով Հիմնադրամը փորձել է գտնել նաև քանդված այն շենքերի քարերը, որոնք համարակալվել էին և ենթադրվում էր, որ պետք է պահպանված լինեին, սակայն ապարդյուն: Դեռևս մեկուկես տարի առաջ Հիմնադրամը հայտնել է, որ պատրաստ է սկսել բարեգործական ծրագրերի կենսագործումը և խնդրել է այդ նպատակով հողամաս տրամադրել Երևանում, սակայն, չնայած ՀՀ իշխանությունների և Երևանի քաղաքապետի պատրաստակամությանը, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչու ոչ բյուրոկրատական ձգձգումների հետևանքով Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից հողամասի հարցի լուծումը որոշակիացել է միայն վերջերս:

«Երևան իմ սեր» հիմնադրամի մտահաղացման և Միացյալ Թագավորությունում բարձրագույն մակարդակով և արքայական ընտանիքի մասնակցությամբ մեկնարկի հեղինակը ՀՀ նախկին վարչապետ պարոն Արմեն Սարգսյանն է: Հիմնադրամի բարեգործների և աջակիցների թվում թե՛ մեր հայրենակիցներն են, թե՛ բազմաթիվ արտասահմանցի հեղինակավոր քաղաքական այրեր, գործարարներ և արվեստագետներ` Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնը, British Petroleum ընկերության տնօրեն Ռոբերտ Դադլին, Լորդ Արա Դարզին, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Հայկ Դիդիզյանը, Վլադիմիր Յակունինը, Elettronica S.p.A. ընկերության տնօրեն Էնցո Բենինին, Սերգեյ Համբարձումյանը, տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը, Պերճ Սեդրակյանը, Սամիր Թրաբուլսին, Վաֆիք Սաիդը և այլոք, ինչպես նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «HSBC», «Bank of America», «Вимпелком», «AREVA», «ИТЕРА», «Kingsbridge Group», «ENI», «Oxidental Petroleum» «ЭнергоПроект» և այլն: Բազմաթիվ աջակիցներ ոչ միայն հայ չեն, այլև մինչև Հիմնադրամի գործունեությունը որևէ առնչություն էլ չեն ունեցել Հայաստանի հետ և նրանց ներգրավվածությունը Երևանին նվիրված բարեգործական ծրագրերին նույնպես «Երևան իմ սեր» հիմնադրամի ներդրումն է: Բացի Հիմնադրամի խոշորագույն նվիրատուներ հանդիսանալուց, Սարգսյանների ընտանիքը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել նաև սեփական միջոցների հաշվին (օրինակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտարանի կառուցումը, Մայր Աթոռին հարակից քաղաքային այգու ամբողջովին վերականգնումը, Մայր Աթոռի մերձակայքում երեխաների համար գիտակրթական, մշակութային և արվեստի կենտրոնի կառուցումը և այլն): «Երևան իմ սեր» հիմնադրամի նվիրատուների, բարերարների և աջակիցների` մայրաքաղաք Երևանի բարօրությանն ուղղված գործունեության հիմքում որևէ նեղ անձնական շահ, կամ քաղաքական, տնտեսական ծրագիր փնտրելը թերևս տեղեկատվության պակասի հետևանք կարող է լինել:

Հիմնադրամը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել վերականգնել և վերանորոգել նաև գոյություն ունեցող և իրենցից պատմամշակութային արժեք ներկայացնող երևանյան շենքերը, եթե դրանք հետագայում օգտագործվելու են հասարակական և հանրօգուտ նպատակներով, և շնորհակալ կլիներ նաև լրագրողական հանրությունից այդպիսի շենքերի վերաբերյալ առաջարկությունների կամ տեղեկատվության տրամադրման համար:

Կարծում ենք վերոգրյալը բավարար պետք է լինի Հիմնադրամի գործունեության վերաբերյալ պատկերացում կազմելու և հնչած անհիմն ենթադրություններին վերջ դնելու համար: «Երևան իմ սեր» հիմադրամը նաև շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին` Հիմնադրամի բարեգործական ծրագրերից մեկի համար անհրաժեշտ հողամասի հատկացման մեկուկես տարուց ավելի ձգձգվող հարցին վերջ դնելու համար, և նախաձեռնելու է նաև նոր բարեգործական նախագծեր` ի բարօրրություն մայրաքաղաք Երևանի և երևանցիների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս