Կտպագրվի Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը
Աստղագետ Ավետիք Գրիգորյանն արդեն 24 տարի շարունակ իր հնարավորությունների սահմաններում փորձում է իր գիտելիքները փոխանցել ապագա սերունդներին՝ նշելով, որ Հայաստանը պետք է կարողանա վերադառնալ իր գիտատեխնիկական ներուժին և ավանդույթներին, ինչը, ըստ գիտնականի՝ անչափ կարևոր է, քանի որ մեր երկրում հիմնական ռեսուրսը հենց դա է: Գիտնականն անվճար դասընթացներ է անցկացնում:
Նրա շնորհիվ այսօր գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ նույն դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը՝ Բյուրականի Աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը: Այս ակումբներում պարապմունքներն անվճար են:
Գիտելիքներ փոխանցելու և դասընթացը շատերին հասանելի դարձնելու համար գիտնականն անգամ գիտահանրամատչելի մի գիրք գրել: «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք» կողվող գիրքը, թեև գիտնականն ավարտել էր դեռևս հինգ տարի առաջ, սակայն անհրաժեշտ ծախսերը հոգալու համար բավարար գումարներ չէին գտնվում, և այդ իսկ պատճառով տպագրության հարցերը մշտապես ձգձգվում են:
«Գիրքը շատ մատչելի է, այն աշակերտին հասցնում է այնպիսի լուրջ ու խորը գիտելիքների, որոնք հասու են համարվում միայն ուսանողների համար»,- ասում է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ գիրքը երեխային աշխարհայացք է տալիս: Չափազանց կարևոր է, որպեսզի գիրքը տպագրվի և լայն տարածում գտնի աշակերտների շրջանում:
Վերջապես արդեն պարզ է դարձել, որ գրքի տպագրության համար անհրաժեշտ գումարի մեծ մասը՝ 70%-ը արդեն տրամադրված է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից:
168.am-ի հետ զրույցում Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ընդհանուր գրքի տպագրության համար (2000 օրինակով) նախատեսված գումարը կազմում է 9.9 մլն դրամ, որից 6.9 մլն դրամն արդեն գտնվել է, որի համար ինքը շնորհակալ է, մնում է ընդամենը 3 մլն դրամ՝ գիրքը տպարան ուղարկելու համար:
Ա. Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս ինքն զբաղված է գրքում առկա նկարների հեղինակների հետ համաձայնություններ ձեռք բերելու հարցերով և տեխնիկական որոշ խնդիրների լուծմամբ, որի համար գումար իր գրպանից է դնում, քանի որ անհրաժեշտ գումարը միայն տպագրության ծախսերին է վերաբերում:
Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ, այդ հարցերը լուծման փուլում են և առաջիկայում ինքը գրավոր կերպով կդիմի նաև ՀՀ ԿԳՆ նախարարություն՝ գրքի տպագրության մնացած ծախսերը հոգալու համար:
Ըստ հեղինակի՝ ինքն ի վիճակի չէ շատ դպրոցներում «Տիեզերք» ակումբներ հիմնել և դասավանդել, իսկ գիրքը կնպաստի, որպեսզի նրա դասընթացներում տրվող գիտելիքներն ավելի շատ դպրոցականների հասանելի լինեն:
Հետաքրքրասեր ընթերցողները կարող են մանրամասնորեն ծանոթանալ գրքին կայքում և նույնիսկ առցանց բաժանորդագրվել՝ ապահովագրելու համար իրենց կողմից գրքի ձեռք բերումը տպագրությունից հետո: Կայքի «Բաժանորդագրում» էջում ներկայացված բաժանորդագրվածների ընթացիկ ցուցակն արդեն իսկ ոգևորող է. աշակերտից մինչև թոշակառու, առանձին անհատներից մինչև ինստիտուտներ, գրադարաններ, հիմնադրամներ, մինչև իսկ Գիտությունների Ազգային Ակադեմիա: Հայտեր են ստացվել անգամ արտասահմանից: