
Երևանում որդին սպանել է մորը և սանդուղքներից գլորել ցած

Երեկ` հունվարի 28-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մուրացան 64 տան բնակիչ 64-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ մայրը՝ 75-ամյա Գեղանուշ Մանգյանը, տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է:
Ինչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ: Տեղում են եղել նաև Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի պետ Մուշեղ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Երեկ հետաքննիչի կողմից նշանակվում է դիակի դատափորձաքննություն և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների՝ այսօր դատական բժիշկը Էրեբունու ոստիկանությանը հայտնել է, որ Գ. Մանգյանը մահացել է մեխանիկական շնչահեղձության (խեղդամահ լինելու) հետևանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարևանները պատմել են, որ մահացածը նշված տանը բնակվում էր իր երկու տղաների` Գագիկի և 45-ամյա Կարեն Սենեքերիմյանի հետ: Կարենը ամուսնալուծված էր և տանը միշտ վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան հարցերի շուրջ։ Նա մորը մեղադրում էր, որ նրա պատճառով է բաժանվել կնոջից: Եվ երեկ տանը նույնպես վիճաբանության ձայներ են լսել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ էրեբունու ոստիկանություն են տարվել Գ. և Կ. եղբայրները` դեպքի մանրամասները պարզաբանելու համար: