ԲՀԿ-ն կորցրել է ընտրազանգվածի որոշ մասի աջակցությունը. հարցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Հեղափոխական դաշնակցությունը և Հայ Ազգային Կոնգրեսը, նախագահական ընտրություններին չառաջադրելով սեփական թեկնածուի, կորցրել են իրենց ընտրազանգվածի որոշակի աջակցությունը: Այս եզրակացությանն են հանգել Հայաստանի սոցիոլոգիական ասոցիայիայի և Baltic Surveys\ Gallup Organization կազմակերպությունը՝ ընտրելու իրավունք ունեցող հայաստանաբնակ 1020 բնակիչների շրջանակում անցկացված հարցումների արդյունքում:

Հարցումն անցկացվում է երկրորդ անգամ. առաջինն անցկացվել է դեկտեմբերի 5-16 ընկած ժամանակահատվածում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն նշեց, որ դեկտեմբերի հետ համեմատ նշված կուսակցությունների աջակիցների թիվը նվազել է: Նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրած ՀՀԿ-ն և «Ժառանգությունը», հակառակը, մեծացրել են իրենց աջակիցների բազան:

Այսպես, «Ո՞ր քաղաքական կուսակցությունն է Ձեզ ավելի մոտ» հարցին հարցվածների 58 տոկոսը պատասխանել է` ՀՀԿ: Դեկտեմբերին այս կուսակցությունն իրեն ավելի մոտ էր համարել հարցվածների 47 տոկոսը: «Ժառանգությանն» իրեն ավելի մոտ է համարել 9 տոկոսը. դեկտեմբերին կատարված հարցումների ընթացքում`5 տոկոսը:

ԲՀԿ-ին հունվարին անցկացված հարցումների ընթացքում ավելի մոտ է համարել 19 տոկոսը, մինչդեռ դեկտեմբերին այդ թիվը 32 տոկոս էր կազմում: Հունվարին ՀՅԴ-ին ավելի մոտ է համարել  հարցվածների 3 տոկոսը, դեկտեմբերին՝ 5 տոկոսը: Հայ ազգային կոնգրեսին ավելի մոտ է համարել 5 տոկոսը, դեկտեմբերին` 6 տոկոսը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս