
Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծակիի է բերել Մարմարաշենի գյուղապետին

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում Արարատի մարզում: 168.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Ր. Հովհաննիսյանը նախընտրական իր զրույցն է անցկացնում Ներքին Դվին գյուղի թվով մոտ 50 բնակիչների հետ: Նա խոստանում ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում՝ 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Ըստ Ր. Հովհաննիսյանի՝ նախագահը չպետք է թիկնապահներով շրջի և պետք է կրճատի ուղևորությունները:
Գյուղի ճանապարհին Ր. Հովհաննիսյանը մտել է պատահական մթերային մի խանութ, գինի է գնել, տեղում բացել և վաճառողների հետ մեկ բաժակ խմել: Նա լավ օր է մաղթել, կոչ է արել որևէ մեկից չկաշկանդվել և մասնակցել ընտրություններին:
Ի դեպ, ընթացքում նա նաև Մարմարաշենի գյուղապետարան է մտել, բարձրացել գյուղապետի աշխատասենյակ: Վերջինս հանկարծակիի է եկել նախագահի թեկնածուի այցից: Այնուհետև Ր. Հովհաննիսյանը մոմ է վառել Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցում և շարժվել դեպի Ներքին Դվին: