Ինչո՞ւ են սեփական որոշում կայացնող բոլոր ԲՀԿ-ականները կողմնորոշվում դեպի Սերժ Սարգսյանը

«Կուսակցության որոշումը չի փոխվել, կուսակցությունը կայացրել է որոշում, կուսակցությունը մի քանի հարյուր հազար մարդ է, և ինչ-որ առանձին անհատներ սեփական ցանկություններից, նկատառումներից բխող գործողություններով են հանդես եկել, ավելին ասեմ, իրենց քաղաքացիական պարտքը ինչ-որ կերպ ընտրություններին մասնակցելու առումով որևէ կերպ չի կարող ազդել կուսակցության որոշման վրա»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական որոշ գործիչների հայտարարություններին, թե ընտրելու են Սերժ Սարգսյանին:

«Ես չէի ուզենա անհատական իմ վերաբերմունքի մասին խոսել, որովհետև ես ներկայացնում եմ կուսակցություն, կաշկանդված ու սահմանափակված եմ աշխատանքային գործառույթներով ու պարտականություններով, իմ վերաբերմունքը անէական է, կա պարզ իրականություն, կան անհատներ, ընդ որում մի քանի անհատներ, որ սեփական որոշում են կայացրել, մի քանի անհատի որոշումը որևէ կերպ չի նշանակում կուսակցության որոշում»:

Այն հարցին, թե չկա՞ օրինաչափություն նրանում, որ բոլոր ինքնուրույն սեփական որոշում կայացնողները կողմնորոշվել են դեպի իշխանական թեկնածուն, Ուրիխանյանը պատասխանել է.

«Ընտրական քվեն հավասար է բոլորի համար: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, լինի նա նախարար, կոշկագործ, գիտության, մշակույթի արվեստի ներկայացուցիչ կամ գործազուրկ, նույնպիսի քվեաթերթիկ է լրացնելու: ԲՀԿ-ն մի քանի հարյուր հազար մարդ է, ինձ հարցնում եք՝ դա օրինաչափությո՞ւն է, որ բոլորը նույն թեկնածուին են… ես ասում եմ, որ բոլորը դեռ չեն արտահայտվել, այլ մի քանի անհատներ»:

Տեսանյութեր

Լրահոս