Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար
Արքայական քիմիական միության բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ատամների` ուլտրամանուշակագույն լուսային լամպերով սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար: Ըստ հետազոտությունների՝ ատամների սպիտակեցումից հետո վնասվում է ատամնահյուսվածքը, էմալի մակերևույթին ավելի շատ ակոսիկներ են հայտնվում, որի պատճառով ատամներն ավելի խոցելի են դառնում՝ հատկապես սնունդը ծամելու ընթացքում: Հետազոտության հեղինակ Էլեն Բրազելի համոզմամբ (Nordic Institute of Dental Materials)՝մարդիկ, ովքեր ունեն նուրբ և լուսազգայուն մաշկ, ուլտրամանուշակագույն լույսերից ավելի մեծ վտանգի են ենթարկվում:
Ատամների սպիտակեցումն ատամնաբուժական կլինիկաներում համարվում է ամենատարածված կոսմետիկական ծառայություններից: Կիրառվում են սպիտակեցնող ազդակներ, որպես կանոն` ջրածնի պերօքսիդ՝ էմալի վրայից թեյի, սուրճի, ծխախոտի հետքերը հեռացնելու նպատակով: Ուլտրամանուշակագույն լուսային լամպերով սպիտակեցումը թեև ավելի արդյունավետ միջոց է համարվում, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտվել կոսմետիկական այդ ծառայությունից: