Իշխանություններն անցողիկ են, մնայունը Հայրենիքն է. Սերժ Սարգսյան

«Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: ՀՀ նախագահի թեկնածուն, մասնավորապես, եղել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին, Դիլիջան համայնքներում և ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել իր նախընտրական ծրագրի դրույթները, բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով՝ խոսել առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ գալիք հինգ տարիների քայլերը նախանշված են երկրի համաչափ զարգացումն ապահովելու առաջնայնությունը հաշվի առնելով: Նա ընդգծել է, որ առանձնակի ուշադրություն է հատկացվելու համայնքների ավելի արդյունավետ ինքնակազմակերպմանն աջակցելուն, համատիրությունների զարգացմանը, որը թույլ կտա ավելի արդյունավետ տնօրինել սեփական ռեսուրսները, բարձրացնել բնակֆոնդի շահագործման արդյունավետությունը:

Serj Sargsyan (1)

«Ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունները պետք է լինեն թափանցիկ, և հանրային պաշտոնյան պետք է զերծ մնա սեփական թվացյալ կարևորությունը ցուցադրելու կեղծ ու շատ վտանգավոր գայթակղությունից»,-ընդգծել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Հիշյալ երկու մարզերում Սերժ Սարգսյանը խոսել է նաև բնության նկատմամբ ամենօրյա հոգածության անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականությանը:

Serj Sargsyan (4) Serj Sargsyan (2) Serj Sargsyan (6)

Սահմանամերձ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է մարդկանց մտահոգող մեկ այլ խնդրի՝ սահմանների պաշտպանությանն ու ամենօրյա աչալուրջ հսկողության տակ գտնվող՝ ազգաբնակչության անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքներին:

Սոցիալական խնդիրների հետ կապված, ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ բարեկեցությունը բոլոր ընտանիքներում պետք է հիմնվի աշխատանքի և հավասար հնարավորությունների վրա: Մարզերում կենցաղային պայմանների բարելավումը, համայնքային ծառայությունների ընդլայնումը և ենթակառուցվածքների զարգացումը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, շարունակելու են մնալ ուշադրության կենտրոնում:

«Մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացման գործում վերջին տարիներին արձանագրել ենք էական առաջընթաց, բայց սա միայն սկիզբն է: Մատչելի ու որակյալ առողջապահության ապահովումը շարունակելու է մնալ մեր օրակարգում, ընդլայնելու ենք մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը՝ բուժհաստատությունների արդիականացման, նորագույն տեխնիկական միջոցներով հագեցման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ:

Առավել զգալի են լինելու քայլերը կրթության որակի և մատչելիության գործում: Հաջորդ տարվանից յուրաքանչյուր առաջին դասարանցու մենք տրամադրելու ենք անվճար համակարգիչ: Նախադպրոցական կրթության որակը ևս տեսանելի կերպով բարելավվելու է, շատ համայնքներում կառուցելու ենք նոր մանկապարտեզներ, որոնց կարիքը շատ է զգացվում նաև այս մարզում: բուհական կրթական համակարգում ևս նախատեսում ենք շոշափելի փոփոխություններ իրականացնել:

Նախորդ տարիներին կուտակվել է հսկայական փորձ, և շարունակելու ենք առավել հետևողական լինել այդ հարցում: Երկար տարիներ է, ինչ Իջևանում գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը, և դրա օրինակով կարող ենք ասել, որ այդ բուհը, ինչպես նաև հանրապետության մյուս բուհերը, պետք է դառնան ժամանակակից հասարակության և համայնքի առաջընթացի հենքը: Հայաստանի համաչափ զարգացման առումով մարզային բուհերը կարևորագույն առաքելություն ունեն, և պետք է աչալրջորեն ու համակարգված ձևով հետևեն հասարակություն-գիտություն կապը խթանելու գործընթացին: Երիտասարդի համար բուհ ընդունվելը կդառնա ավելի դյուրին, միաժամանակ, կրթության որակի և չափորոշիչների նկատմամբ լինելու ենք առավել խստապահանջ: Բարձրագույն կրթությունը անվճար ենք դարձնելու անապահով ընտանիքների համար, մյուսների համար ապահովելու ենք երկարաժամկետ և մատչելի վարկավորման հնարավորություն: Ուրախ եմ ձեզ հաղորդելու, որ արդեն փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին և ստանալ կրթության համար վարկ առանց որևէ գրավի՝ միայն ու միայն ծնողների համաձայնությամբ, երկարաժամկետ, այնպես, որպեսզի այդ վարկը մարվի ուսում ստանալուց հետո:

Serj Sargsyan (5)

Առողջ սերնդի դաստիարակության գործում առանձին ուշադրություն է հատկացվելու սպորտի մասսայականացմանը: Շախմատի առումով մեր կատարած քայլի մասին արդեն Հայաստանից դուրս են խոսում: Ես վստահ եմ, որ օգտագործելով այդ փորձը, պետք է առավել մասսայականացնենք սպորտը թե՛ դպրոցներում, թե՛ համայնքային կյանքում: Ներկայացվելու են նոր պահանջներ սպորտային կրթության նկատմամբ: Պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի կառուցել նոր սպորտդպրոցներ, որոնց շնորհիվ կունենանք ոչ միայն առողջ, ֆիզիկապես ու հոգեպես տոկուն սերունդ, այլ նաև կլուծենք հարակից մի շարք խնդիրներ»,-ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն բոլորին կոչ է արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով, որ ամենակարևորը որակյալ, ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է: «Իշխանություններն անցողիկ են, մնայունը Հայրենիքն է: Եվ հենց այդ պատճառով իշխանությունների պարտքն է ժողովրդի հետ միասին ստեղծել մնայուն արժեքներ՝ թե՛ նյութական, թե՛ հոգևոր: Հայրենիքը մնայուն է և հարատև հենց ա՛յդ արժեքներով: Աջակցե՛ք ինձ, և մենք միասին կկատարենք մեր պարտքը հանուն մեր երկրի հարատևության, հանուն մնայուն Հայրենիքի, որ կարող է լինել միայն ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուն, ընտրողների հետ հանդիպումներից բացի, Շորժայում ծանոթացել է Սևանա լճում ձկնաբուծության պիլոտային ծրագրին, պատասխանատուների հետ տեղում քննարկել Սևանա լճի հիմնախնդիրները: Գոշավանքում Սերժ Սարգսյանը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնակատարությանը՝ երիտասարդների օրհնության արարողությանը, այցելել է նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոն, շրջել նորակառույց համալիրում, ինչպես նաև ներկա գտնվել «Տավուշ» բժշկական կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի բացման արարողություններին»:

serzhsargsyan.am

Տեսանյութեր

Լրահոս