
Շահնազարովը հաղթեց

Հունվարի 25-ի երեկոյան Մոսկվայում կայացավ ՌԴ Կինոմատոգրաֆիական գիտությունների և արվեստի ազգային ակադեմիայի ամենամյա «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությունը: Չորս մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, արժանացավ հայկական արմատներով ռուս ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ժապավենը: Մեծ հայրենական պատերազմի մասին պատմող այս ֆիլմի հիմքում ընկած է Իլյա Բոյաշովի «Տանկիստը կամ Սպիտակ վագրը» պատմվածքը:
Անդրեյ Պրոշկինի «Օրդա» պատմական ժապավենն արժանացավ 5 «Ոսկե արծվի», այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Դերասանական մրցանակները բաժին հասան միանգամայն այլ ֆիլմերի: Լավագույն դերասան ճանաչվեց Դանիլա Կոզլովսկին՝ «Духless» ժապավենում կառավարիչ Մաքսին մարմնավորելու համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Աննա Միխալկովան («Սեր ակցենտով»): Երկրորդ պլանի դերակատարման համար «Ոսկե արծվի» արժանացան Անդրեյ Սմոլյակովը («Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես») և Վիկտորյա Տոլստոգանովան («Լրտես»):
Ռուսական վարձույթում լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ժապավենը, որն անցյալ տարի արժանացավ 5 Օսկարի: