Ըստ Ա. Հարությունյանի, թեկնածուներից մեկը ձայն հավաքելու նպատակով մասնակցում է թաղումների և հոգեհացի արարողությունների
«Իշխանությունները, ինչպես ասում են, ճնշումների կամ իրենց քայլերի իմաստով մի քիչ չափն անցել են, և ստացվել է մի վիճակ, երբ արդեն 46 տոկոսը չի մասնակցում ընտրություններին, երբ որ Հայաստանի հետագան, ընդդիմության հետագա քայլերը կախված են վեց մարդուց, որովհետև ես հանելու եմ թեկնածությունս»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա դարձյալ պնդեց, որ թեկնածուները պետք է հետևեն իր օրինակին և մինչև փետրվարի 8-ն ինքնաբացարկ հայտնեն՝ թողնելով Սերժ Սարգսյանին մենակ քվեաթերթիկում և իրագործելով իր մինիմում ծրագիրը:
Արամ Հարությունյանը շեշտեց, թե ինքը ոչ բանավիճելու խնդիր ունի, ոչ էլ նախընտրական ծրագիր ներկայացնելու, պարզապես նպատակահարմար չի գտնում քարոզարշավ իրականացնելը, քանի որ ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվելու են: «Իրենք ձև են անում, թե իբր ինքնամոռաց քարոզարշավ են անում: Թող սև փիառ չհնչի, բայց թեկնածուներից մեկը գնում է Գորիս, մասնակցում է Համոյի թաղմանը և հարազատները զարմանում են, թե ինքը ինչ կապ ունի, հետո գալիս է հոգեհացի, իսկ Գորիսում ընդունված է, որ միայն հարազատներն են արտահայտվում հոգեհացին, բայց այդ թեկնածուն հայրենասիրական ճառ է ասում: Եթե բոլորը հասցնեն մասնակցել բոլոր թաղումներին ու հարսանիքներին, կապ չունի՝ սա մրցակցային ընտրությունների իմիտացիա է»,-ասաց Արամ Հարությունյանը՝ պնդելով, թե խոսքը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, թեև լրագրողները նկատեցին, որ քարոզարշավի ընթացքում նա դեռ չի հասցրել լինել Սյունիքի մարզում:
Արամ Հարությունյանը պնդեց, թե ընտրություններին մասնակցող ուժերը փետրվարի 19-ին կանգնելու են փակուղու առջև, իսկ ինքը թեկնածուներին արդեն զգուշացնում է, թե ինչ սցենար է սպասվում: Ըստ Արամ Հարությունյանի, անձամբ ինքը ակտիվ է լինելու ընտրություններից հետո և մամուլի միջոցով շարունակելու է իր խոսքը հասցնել ժողովրդին: