Եթե մենք միավորվում ենք, Սերժ Սարգսյանի ձայների կեսն էլ իրեն չի մնում. Պարույր Հայրիկյան
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:
Պ.Հայրիկյանին հարցրեցին, թե, ըստ նրա` մե՞ծ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը, ինչին ի պատասխան ԱԻՄ առաջնորդն ասաց. «Երկրորդ փուլ չի լինի, եթե, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտում հավաքված մի քանի ընդդիմադիր թեկնածուներ միասնական ճակատով հանդես գալու ընդհանրություններ գտնեն իրենց մեջ, կարողանան հաղթահարել: Երկրորդ փուլ չի լինի միայն այդ դեպքում»:
Պ.Հայրիկյանը նշեց, որ իր կողմնակիցների կողմից երեկ կատարված հարցումները ցույց են տվել, որ իրավիճակը մոտ է 1996 թվականի ընտրություններին և հիշեցրեց, որ ինքը եղել է 96 թվականի ճարտարապետը, այսինքն` քաղաքական համագործակցության նախաձեռնողը: Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ քարոզարշավի առաջին մեկ-երկու օրերի ընթացքում նկատել է սրընթաց աճ` հատկապես համացանցային ակտիվության տեսանկյունից:
«Գիտեմ, որ հիմնական թեկնածուներից մեկն եմ, բայց հիմնական թեկնածու չի նշանակում հաղթանակին մոտ կանգնած թեկնածու, ես իրատես եմ, ոչ մեկի չեմ խաբի: Շատ բան կախված է մարդկանց աշխատանքից, որովհետև նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում էլ կարելի է ինչ-որ բան փոխել: Բացի այդ, ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը չէ, որ արժեքներով է առաջնորդվում, մարդկանց ավելի հաճախ հաճելի է ժպիտը, բարեհամբույր վերաբերմունքը և ոչ ծրագրերը, բայց ես երբեք դրանցով չեմ առաջնորդվել: Իմ հիմնական խնդիրը եղել են ծրագրերը»,- ասաց Պ.Հայրիկյանը:
Լրագրողներից մեկը փորձեց ճշտել, թե Հայրիկյանը նկատի ուներ, որ երկրորդ փուլ չի լինի այն դեպքում, եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվե՞ն, թե՞ չմիավորվեն:
Ի պատասխան Պարույր Հայրիկյանն ասաց. «Ոչ, եթե միավորվեն: Եթե միավորվեն, առաջին փուլում մենք կհաղթենք` առանց մեծ դժվարության: Սա վերջին նորությունն է: Եթե մենք միավորվում ենք, Սերժ Սարգսյանի ձայների կեսն էլ իրեն չի մնում»:
«Իսկ ո՞ւմ շուրջ եք միավորվում»,- հետաքրքրվեցին լրագրողները:
«Ում շուրջը կարևոր չէ, էդ հարցի մեջ ում շուրջը դրված չէ: Գիտե՞ք` 96 թվականին ինչպես էինք միավորվել, մենք ունենք փաստաթուղթ, որը պահպանված է. 4 թեկնածուները բոլորն էլ նախագահ են, բայց նախագահի պաշտոնում պետք է երևա Վազգեն Մանուկյանը: Մենք այդ սկզբունքով ենք այն ժամանակ աշխատել, կեսից Վազգեն Մանուկյանի ներվերը չդիմացան, իր իրավունքն է»,- պատասխանեց Պ.Հայրիկյանը:
Իսկ 168.am-ի հարցին, թե արդյոք արդեն կա՞ն նախադրյալներ այդ միավորման համար և բանակցություններ ընթանո՞ւմ են մյուս թեկնածուների հետ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նախադրյալը, իմ պատկերացմամբ, առողջ բանականությունն է. դու կարող ես գոհանալ 2-րդ տեղով կամ էլ դու կարող ես նախընտրելի համարել թիմով գրավել առաջին տեղը, որովհետև 2-րդ տեղը քեզ ոչինչ չի տալիս: Դրա համար շատ կարևոր է` քեզ համար քո ամբիցիանե՞րն են կարևոր, թե՞ քո ծրագրերը: Եթե քո ծրագրերն են կարևոր, դու պետք է այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղի փնտրես, և այդ դեպքում կարող ես նաև առաջինը չլինել: Առաջինը կարող է լինել մեկ այլ մարդ, բայց քո ծրագրերն ընթացք ստանան»:
Իսկ մյուս թեկնածուների հետ բանակցելու վերաբերյալ նա նշեց, որ դեռ մեկի մասին է ակնարկել և առաջին անգամ է այդ մասին ասում: Եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ Պ.Հայրիկյանը նշեց մեկ այլ թեկնածու Անդիրաս Ղուկասյանի հետ հանդիպելու մասին, ապա հավանաբար Հայրիկյանը հենց նրան նկատի ուներ: